ՌԴ ԱԳՆ. Որպես միջադեպի լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը
Շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին`կապված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային միջադեպի հետ: Ռուսական կողմը լարվածությունը թուլացնելու հարցում աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին` բարձրագույն եւ բարձր մակարդակներով կանոնավոր շփումների միջոցով: Օպերատիվ կապ է պահպանվում մեր երկրների ռազմական եւ սահմանային ծառայությունների միջոցով: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության մեկնաբանության մեջ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
«Հաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը:
Ելնում ենք նրանից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես միջադեպի լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետեւողական կարգավորմանը»,- նշվում է մեկնաբանության մեջ: