Ավստրալիայում տղամարդը կոկորդիլոս է «հեծնել»՝ արժանանալով կենդանապաշտպանների քննադատությանը (լուսանկար)
Ավստրալիայում մի տղամարդ կոկորդիլոսին օգտագործել է որպես սերֆինգի տախտակ, գրում է News.com.au լրատվական կայքը և հավելում, որ արարքը քննադատության է արժանացել PETA (Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի) կազմակերպության կողմից։
Տղամարդը պարան է կապել կոկորդիլոսի վերին ծնոտին և դրա միջոցով կառավարել նրան։ PETA կազմակերպությունը քննադատել է տղամարդուն՝ նշելով, որ նա «ուշադրության կարիք ունի»։
«Մենք պետք է ամաչենք։ Կենդանիները սերֆինգի տախտակ չեն, և մենք չպետք է ծափահարենք կոկորդիլոսի վրա սերֆինգ անող մարդուն, ինչպես որ չպետք է ծափահարենք ձիերին մտրակողներին և դելֆիններին տանջող մարզիչներին», - ասել է կազմակերպության մամուլի խոսնակ Էմիլի Ռայսը և հավելել, որ Ավստրալիայում կոկորդիլոսները շահագործվում են։
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ նրանց բները հաճախ հարձակման են ենթարկվում՝ ձվերը գողանալու և ձագերին մեծացնելու նպատակով, որպեսզի հետագայում նրանց կաշին եվրոպական նորաձևության տները կարողանան պայուսակների վերածել։
«Վայրի բնությունը վտանգի տակ է՝ մարդկային ցանկությունների պատճառով», - նշել է Էմիլի Ռայսը։
Տվյալ լուսանկարը հրապարակվել է Reddit սոցիալական կայքում և բազում մեկնաբանությունների արժանացել, որոնցում մարդիկ ծիծաղել են ավստրալացու արարքի վրա և կատակներ արել։