Մոսկվայի դատարանը 5 և 6 տարի ժամկետով դատապարտել է Աբրահամ Ռուսոյին առևանգած ադրբեջանցիներին, սակայն նրանք ազատ են արձակվել հանցանքի վաղեմության ժամկետը լրանալու պատճառով
Մոսկվայի Պրեսնենյան դատարանը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել հայազգի երգիչ Աբրահամ Ռուսոյի առևանգման գործով ամբաստանյալներին, սակայն նրանք պատժի կրումից ազատ են արձակվել արդարադատության համար պատասխանատվության ենթարկվելու ժամկետի լրանալու պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի եղբորորդու՝ Վլադիմիր Գուսակովի թիկնապահը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում, իսկ գործարար Էլյար Դամիրովը՝ հինգ տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել բռնության գործադրմամբ նախնական դավադրության միջոցով առևանգման համար (ՌԴ քրեական օրենսգքրի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» պարբերություններ): Այս հանցագործության վաղեմության ժամկետը 15 տարի է, իսկ Գուսակովն ու Դամիրովը առևանգել են Ռուսոյին 2004 թվականին, ինչը նշանակում է, որ հանցանքի իրագործումից ավելլի քան 15 տարի է անցել:
Գուսակովի և Դամիրովի հետ առևանգմանը մասնակցություն է ունեցել նաև Իսմայիլովի եղբորորդին՝ Զաուր Մարդանովը, սակայն նրա գործով առանձին վարույթ է կազմվել, և նրա պատժաչափը կհրապարակվի ավելի ուշ:
Հիշեցնենք՝ Աբրահամ Ռուսոյի առևանգման գործը վերանայվել է 2019-ի հոկտեմբերին: Պրեսնենսյան դատարանը մեղադրյալին ազատ էր արձակել քրեական պատասխանատվությունից, քանի որ նրանք կամավոր երգչին բաց էին թողել: Ավելի ուշ, Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել էր այս որոշումը և գործն ուղարկել էր նոր քննության:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսոն իր առևանգման մասին ոստիկանությանը հայտնել էր 2018 թվականի սեպտեմբերին՝ դեպքից 14 տարի անց: Ըստ հետաքննության տվյալների՝ առևանգումը կազմակերպել է Թելման Իսմայիլովը: Նա ցանկացել էր, որ երգիչը ելույթ ունենար միայն իր և իր հյուրերի համար և այլևս համերգներ չտար: Ադբեջանցի գործարարները երգչին պահել են արվարձաններում գտնվող բնակարաններից մեկում և պարբերաբար ծեծի ենթարկել: Նրան ազատ են արձակել միայն այն ժամանակ, երբ նա համաձայնել է կատարել նրանց բոլոր պահանջները:
Նշենք՝ Թելման Իսմայիլովը միջազգային հետախուզման մեջ է 2017 թվականից, երբ հեռավար կարգով մեղավոր է ճանաչվել երկու գործարարի սպանությունները կազմակերպելու համար: