Լեոնարդո դի Կապրիոն 43 մլն դոլար կհատկացնի Գալապագոսյան կղզիների վերականգնման համար
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն հայտնել է Խաղաղ օվկիանոսում գտնվող Գալապագոսյան կղզիներում բնապահպանական լայնածավալ գործողություններ իրականացնելու համար 43 մլն դոլար հատկացնելու մասին, հաղորդում է The Guardian-ը։
Նշվում է, որ նախաձեռնությունն իրականացվում է Re: wild կազմակերպության հետ համագործակցությամբ, որը հիմնադրվել է այս տարի՝ դերասանի, մի խումբ բնապահպանների, Galápagos National Park-ի տնօրինության, Island Conservation կազմակերպության կողմից։
«Մեր պատճառով կրճատվել է վայրի բնության երեք քառորդը, իսկ 1 մլն կենդանատեսակ հայտնվել է անհետացման վտանգի տակ։ Եթե մենք վճռական քայլեր չձեռնարկենք, առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհում վայրի բնության կեսը կարող է ոչնչանալ»,- հայտնել է դերասանը։
43 մլն դոլար ֆինանսավորումը կուղղվի Գալապագոսյան կղզիներում, այդ թվում` ավելի քան 54 անհետացող կենդանատեսակների բնակավայրը համարվող Ֆլորեանա կղզու վերականգնմանը։
Այդ գումարը կօգտագործվի նաև վարդագույն իգուանայի ոչնչացումը կանխելու, էկոտուրիզմի հետևանքով Գալապագոսյան կղզիների ծովային ռեսուրսների պաշտպանությունն ապահովելու միջոցառումներին։