Պենտագոնում հայտարարել են, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է ավելի ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը կարող է էլ ավելի ապակայունացնել մերձավորարևելյան տարածաշրջանը, France 24-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, որը նախօրեին Բրյուսել է ժամանել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ բանակցությունների համար:
Նա Իսրայելի գործողությունները որակել է «ինքնապաշտպանություն», սակայն նախազգուշացրել է՝ «բախումների արդյունքում բռնության մակարդակն այնքան մեծ է, որ ոչ մի կողմի շահերից չի բխում շարունակել մարտերը»։
«Ես կարծում եմ՝ մարտական գործողությունների շարունակման դեպքում առկա է ավելի լայն ապակայունացման ռիսկ։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում։ Իմ կարծիքով՝ այս փուլում գործողությունների դեէսկալացիան ողջամիտ որոշում կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- հայտարարել է Միլին։
Նա նաև ընդգծել է, որ «իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է ավելի ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը»։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: