Թրամփը նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո ցանկացել է հայրենիք վերադարձնել արտասահմանում գտնվող բոլոր ամերիկացի զինվորականներին․ Axios
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից և դրան հաջորդած պարտությունից հետո մտադիր է եղել ամենակարճ ժամկետում հայրենիք վերադարձնել Աֆրիկայում, Աֆղանստանում, Գերմանիայում, Իրաքում և Սիրիայում գտնվող բոլոր ամերիկացի զինվորականներին, հաղորդում է Axios-ը։
Պորտալի աղբյուրների հաղորդմամբ՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի 45-րդ նախագահի մերձավոր օգնականներից մեկը՝ Ջոն Մաքենդին, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորին հանձնել է «մի քանի նշումներով թղթի կտոր», որի վրա գրված է եղել․ «Նահագահն ուզում է, որ կատարեք այս կարգադրությունները»։
Ընդ որում, թղթում նշված է եղել՝ «ԱՄՆ-ի զորքերն ամենակարճ ժամկետում դուրս պետք է բերել Աֆղանստանից, Իրաքից և Սիրիայից, ինչպես նաև Գերմանիայից և Աֆրիկայից»։
Ինչպես նշում է Axios-ը, Մաքգրեգորը «ցնցվել է» նամակի բովանդակությունից և տեղեկացրել, որ մինչև Ջո Բայդենի երդմնակալությունը դժվար թե կարողանա իրագործել Թրամփի կարգադրությունը, ինչին ի պատասխան Սպիտակ տան նախկին ղեկավարի օգնականն ասել է․ «Այդ դեպքում դուրս բերեք այնքան, որքան կհասցնեք»։