ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հիմնավորել ԶԼՄ-ների գրասենյակների շենքին հարվածը
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել հիմնավորել Գազայում մայիսի 15-ին միջազգային ԶԼՄ-ների գրասենյակների վրա հարձակումը, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ օրը իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարված են հասցրել 15-հարկանի շենքին, որտեղ տեղակայված էին միջազգային ԶԼՄ-ների գրասենյակները՝ հարձակումը բացատրելով այն բանով, որ շենքում էր գտնվում ՀԱՄԱՍ շարժման հետախուզական շտաբը, որը այնտեղ տեղակայված ԶԼՄ-ների եւ լրագրողների գրասենյակները որպես շղարշ էր օգտագործում։ Այս շենքում էին նաեւ տեղակայված տարբեր ընկերությունների բնակարաններն ու գրասենյակները:
«Ինչպես գիտեք, նախագահ Բայդենը եւ վարչակազմի մյուս անդամները իսրայելցի գործընկերներին ուղղակիորեն մտահոգություն են հայտնել Գազայում աշխատող լրագրողների անվտանգության վերաբերյալ: Մենք ընդգծել ենք նրանց պաշտպանության կարեւորությունը: Հարվածից անմիջապես հետո մենք լրացուցիչ տեղեկատվություն ենք խնդրել դրա հիմնավորման վերաբերյալ»,- ասել է Բլինքենը՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդի հետ մամուլի ասուլիսում:
Հարցման վերաբերյալ լրագրողի հստակեցնող հարցին Բլինքենը պատասխանել է, որ հարվածի վերաբերյալ «որեւէ տվյալ չի տեսել»: