«Լուին անհամբեր սպասում է Հայաստանը բացահայտելուն». «ԼադաՆիվա»-ից Ժակլինը՝ իրենց երեւանյան համերգի, խմբի ֆրանսիացի անդամին զարմացնելու, Հայաստանում կով կթելու եւ կարոտի մասին
Ֆրանսիական «ԼադաՆիվա» խումբն արդեն մեկ տարի է, ինչ հստակ արագությամբ առաջ է շարժվում՝ իրենց յուրահատուկ երգերով գրավելով երաժշտական աշխարհն ու, հատկապես, հայ երկրպագուների սրտերը: «Վայ աման», «Զեփյուռի նման», «Քեֆ չի լինի», «Օրեր»՝ այս կատարումները սիրված հիթեր են Հայաստանում, որոնք (եւ ոչ միայն) շատ շուտով կհնչեն նաեւ հայկական բեմից՝ հայ երկրպագուների համար: Խմբի երեւանյան մենահամերգը կկայանա մայիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«ԼադաՆիվա»-ի համերգին ընդառաջ NEWS.am STYLE-ը զրուցել է խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանի հետ:
Երգչուհին խոստովանեց, որ Երեւանում մենահամերգով հանդես գալն իր համար երազանք էր, բայց չէր էլ կարող պատկերացնել, որ այն այդքան շուտ կիրականանա.
«Ես, նույնիսկ, չէի կարող երազել, որ այդքան շուտ կստացվի իմ այցը Հայաստան, այն էլ՝ մենահամերգով: Ինձ համար սա մեծ երջանկություն է, ու ես անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեզ գնահատել եւ ուժ են տվել»,-նշեց Ժակլինը, որը 6 տարվա բացակայությունից հետո անհամբերությամբ է սպասում Հայաստանից կարոտն առնելուն:
«Իհարկե, շատ եմ կարոտել նաեւ իմ հարազատներին, այն շունչը, մթնոլորտը, որը կա միայն Հայաստանում: Կարոտել եմ տաք ամառը, երեկոները, երբ երեւանյան բակերում մարդիկ նստած են, իսկ երեխաները աղմկում են ու խաղում… Հայաստանի տեսարաններն եմ կարոտել, ու հուսով եմ՝ այս այցի ընթացքում կունենանք մի փոքր ժամանակ ու հնարավորություն դա տեսնելու»,-նշեց ֆրանսաբնակ երգչուհին ու հավելեց, որ գիտակցում է հայերի այժմյան ապրումները, քանի որ ինքն լինելով հայուհի՝ հոգում զգում է այդ ծանրությունը.
«Շատ խառը ապրումներով եմ գալիս Հայաստան, որովհետեւ հասկանում եմ ու գիտեմ, թե ինչպիսի դժվար մթնոլորտ է հիմա երկրում: Իհարկե, իմ հոգում էլ է հիմա ծանր, բայց ուրախ եմ, որ գալու ենք ու հուսով, որ մի փոքր լույս կկարողանանք մեզ հետ բերել ու փոքր-ինչ ուրախացնել մարդկանց»:
Երգչուհին նշեց, որ իր հայկական հուշերը, հատկապես, կապված են իր ծննդավայրի՝ Եղեգնաձորի ու իր անհոգ մանկության հետ:
«Օրինակ, շատ լավ եմ հիշում, որ երբ երկու տարեկան էի, սիրում էի հավերի հետ խաղալ, ձվերը հավաքել, ինձ պատմում են, որ վազում էի հավերի հետեւից, իսկ հետո թափ էի տալիս նրանց, որ ձու ածեն (ծիծաղում է): Հիշում եմ նաեւ, երբ գնում էինք իմ շատ սիրելի Քնար տատիկին հյուր, ու ես սիրում էի սարերում կովերին ու այծերին կթել: Նրանք պանրի գործարան ունեն, եւ ես արձակուրդներին միշտ գնում էի գյուղ ու այցելում այդ գործարան, որպեսզի տեսնեի, թե ինչպես են պանիր պատրաստում: Շատ երջանիկ, անհոգ ժամանակ եմ անցկացրել Հայաստանում, եւ շատ-շատ հուշեր ունեմ իրականում…»:
Իսկ, ահա, խմբի մյուս անդամը՝ Լուի Թոմասն, առաջին անգամ է լինելու Հայաստանում: Ժակլինի խոսքով՝ ֆրանսիացի երաժիշտն անհամբերությամբ է սպասում այստեղի իր արկածներին.
«Առհասարակ, Լուին շատ է սիրում ճամփորդել ու հիմա էլ անհամբերությամբ է սպասում Հայաստանը բացահայտելուն: Արդեն շատ բաներ գիտի մեր երաժշտության ու պատմության մասին, ու կարծում եմ՝ շատ հետաքրքիր բացահայտումներ են նրան այստեղ սպասում: Հատկապես ուզում է ծանոթանալ մեր երաժշտական գործիքներին ու նվագել այստեղի երաժիշտների հետ, որոնք հենց մեր ազգային երաժշտությունն են ներկայացնում: Ես Լուիին, իհարկե, շատ բաներ եմ պատմել Հայաստանի մասին: Նա գիտի, որ ես շատ եմ սիրում կանաչ, խակ մրգեր՝ ցոգոլ, շլոր, ինչն իր համար շատ տարօրինակ է, հատկապես, որ նրան պատմել եմ, որ հայերը շատ են սիրում այդ մրգերը, որ, նույնիսկ դա վաճառվում է խանութներում: Նա չի կարողանում պատկերացնել դա, իր բոլոր ընկերներին արդեն հասցրել է պատմել այդ մասին, ու նրանք էլ իր պես ապշել են: Երբ գանք Հայաստան, անպայման ցույց կտամ, որ տեսնի (ծիծաղում է)»,-նշեց նա,-«Ես Լուիին իմ մանկությունից էլ եմ ներկայացրել դեպքեր, բայց ինքը առանց իմ պատմելու էլ շատ հետաքրքրասեր է, ինքնուրույն ուսումասիրել է Հայաստանի պատմությունից ու աշխարհագրությունից որոշ բաներ, գիտի մեր բնության առանձնահատկությունները…»:
Ժակլինը պատմեց նաեւ, թե ինչպես են ստեղծվում «ԼադաՆիվա»-ի հիթերը, ու ինչն է իրենց համար դառնում ոգեշնչման աղբյուր.
«Մեր երգերը տարբեր ձեւով են ստեղծվում: Հնարավոր է՝ Լուին որեւէ միտք տա ու մենք առաջնորդվենք դրանով, միգուցե, ես որեւէ միտք ունենամ եւ այլն: Երբեմն ինքը սկիզբն է մտածում, ես՝ վերջը, երբեմն՝ հակառակը: Ամեն դեպքում, ցանկացած ստեղծագործության մեջ մենք լրացնում ենք մեկս մյուսին: Կարող ենք ոգեշնչվել տարբեր բաներից՝ երաժշտությունից, նոր ծանոթություններից, տարբեր էմոցիաներից, նկարներից, հիշողություններից…»:
Ինքը՝ Ժակլինը, երաժշտական իր ուղին սկսել է դասական ժանրում: Ինչպես հիշում է՝ տարբեր մշակույթների ու երաժշտությունների հանդեպ հետաքրքրությունն է ձեւավորել այն ոճը, որում այժմ ստեղծագործում է.
«7 տարեկանից սկսեցի դաշնամուր նվագել: Երաժշտական դպրոցում խորացված ուսումնասիրում էինք դասական երաժշտությունը, բայց կողքից լսում էի նաեւ ժողովրդական երգեր, բացի այդ՝ Մինսկում կա «Էրեբունի» պարային համույթ, որտեղ ես ժողովրդական պարեր եմ պարել մինչեւ 17 տարեկանս (Ժակլինը տեւական ժամանակ բնակվել է Բելառուսում), ու դա իմ մեջ շատ է արմատավորել հայկականը: Ավելի ուշ սկսեցի հետաքրքրվել ջազով, 4 տարի կրթություն եմ ստացել նաեւ այդ ժանրում ու հատկապես սկզբնական շրջանում մեծ էնտուզիազմով էի սովորում, իսկ հետո արդեն ինքս սկսեցի ստեղծագործել, այլ երկրների երաժշտությամբ էլ սկսեցի հետաքրքրվել ու հենց այդ ժանրում շարունակել գործունեությունս»:
Անդրադառնալով կարճ ժամանակում «ԼադաՆիվա»-ի սահմանած ռեկորդային դիտումներին ու հաջողությանը՝ Ժակլինը նշեց.
«Կարծում եմ՝ չկա որեւէ գաղտնիք, պարզապես, պետք է անես այն գործը, որը սիրում ես, որից սիրտդ երջանկանում է, եւ բոլոր ջանքերդ կենտրնացնես դրա վրա: Իհարկե, պետք է նաեւ կողքիդ լինեն այնպիսի մարդիկ, որոնք ցանկացած պարագայում չթողնեն, որ հանձնվես, ուժ տան ու ոգեւորեն, որ շարունակես սկսածդ գործը: Երբեմն էլ պետք է ռիսկի դիմել ու հավատալ սեփական ուժերին: Աննկարագրելի երջանկություն է, երբ դու ստեղծում ես այն, ինչ ինքդ ես սիրում, ու գտնվում են մարդիկ, որոնք կիսում են քո սերը քո արածի նկատմամբ»:
Խմբի անդամները ոգեւոերությամբ են ընթերցում երկրպագուների նամակները: Ժակլինը, սակայն, նշում է, որ Լուիին երբեմն դժվարանում է ճշտությամբ փոխանցել այն ջերմությունը, որը ստանում է հայ հետեւորդների բարեմաղթանքներն ընթերցելիս.
«Մենք շատ շնորհակալ ենք հայերից, որ մեզ լսում են ու հետեւում, նաեւ՝ մեր Սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք, նույնպես, մեզ ուժ են տալիս, ոգեշնչում են: Նամակներ ստանում ենք նաեւ այլազգի հետեւորդներից, ինչը մեզ շատ է գոտեպնդում, բայց, իհարկե, ամենաջերմ նամակները հայերից ենք ստանում, որոնք երբեմն, նույնիսկ, չեմ կարողանում ճիշտ թարգմանել, որ Լուին էլ հասկանա, որովհետեւ շատ դժվար է հայկական «ջիգյարով» ջերմությունը ճշգրտորեն թարգմանելը: Այնպիսի նամակներ են գրում, ասես, ես իրենց ընտանիքի անդամը լինեմ, ինչը շատ հաճելի է»:
Բացի երաժշտությունից՝ Ժակլինն ունի մի շարք այլ նախասիրություններ, սակայն այս շրջանում ակտիվորեն զբաղված է երեւանյան համերգի նախապատրաստությամբ.
«Ճիշտ է՝ երաժշտությունը զբաղեցնում է իմ առօրյայի 90 տոկոսից ավելին, բայց դրանից զատ՝ սիրում եմ զբոսնել հեծանիվով ու երբեմն՝ ժամանակ անցկացնել խոհանոցում: Ի դեպ, փոքր տարիքից ունեմ եւս մեկ նախասիրություն՝ դա նկարելն է: Սիրում եմ դիմանկարներ անել: Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ սկսեցի սպորտով զբաղվել, որպեսզի պատրաստ լինեմ ամառային համերգներին»:
Սյունե Առաքելյան