Թուրքիայում հունական պատմական որբանոցը փլուզման եզրին է (լուսանկարներ)
Թուրքիայում՝ Ստամբուլի նահանգի մաս կազմող Իշխանաց կղզիներում գտնվող հունական պատմական որբանոցը փլուզման եզրին է, հայտնում է Ahval թերթը։
Իշխանաց կղզիների Բյույուքադա կղզում գտնվող կառույցը, որը թվագրվում է 19-րդ դարին, վերականգնման աշխատանքների հետաձգման հետևանքով փլուզման վտանգի առջև է։
Որբանոցը, որը 1900-ականների սկզբին ծառայել է մինչև 6 հազար հույն որբերի, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի ցուցակում գտնվում է փլուզման վտանգի տակ գտնվող հաստատությունների ցանկում։
Կառույցը թուրքական պետության կողմից գրավվել է 1964 թվականին՝ Թուրքիայի կառավարության և Անատոլիայում Հունաստանի քաղաքացիների միջև լարվածության ֆոնին և գրեթե վեց տասնամյակ լքված է եղել։ Այն հունական կողմին է վերադարձվել 2010 թվականին այն բանից հետո, երբ Պատրիարքը Մարդու իրավունքների միջազգային դատարանում շահել է հայցը։
Կառույցի վերանորոգման աշխատանքների մասին հայտարարվել էր անցյալ տարի, սակայն դրանք դեռևս չեն սկսվել։ Հայտնի է, որ որբանոցի շենքը վնասվել է 1980 թվականին՝ բռնկված հրդեհի հետևանքով։