«Միսս տիեզերք» մրցույթում Մյանմարի ներկայացուցիչը խնդրել է աղոթել իր երկրի համար (լուսանկար)
2020 թվականի «Միսս տիեզերք» մրցույթի Մյանմարի մասնակից Թուզար Ուինթ Լուին կոչ է արել բարձրաձայնել իր երկրում տեղի ունեցող բռնությունների մասին և բեմից խնդրել է աղոթել իր երկրի համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Գեղեցկուհին, մասնավորապես, կոչ է արել բարձրաձայնել ռազմական վերնախավի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները։
«Մեր ժողովուրդն ամեն օր մահանում և գնդակահարվում է ոստիկանական ուժերի կողմից։ Ես ուզում եմ բոլորին հորդորել խոսել Մյանմարի մասին։ Որպես «Միսս տիեզերք» մրցույթում Մյանմարի ներկայացուցիչ՝ ես խոսում եմ այնքան, որքան կարող եմ»,- մրցույթի համար նկարահանված հոլովակում ասել է Թուզար Ուինթ Լուին։
Ավելի ուշ, բեմում ներկայացնելով իր ազգային տարազը, նա հանդես է եկել «Աղոթի՛ր Մյանմարի համար» գրությամբ պաստառով։ Նշենք, որ գեղեցկուհին հաղթել է «Լավագույն ազգային տարազ» անվանակարգում։
Հիշեցնենք, որ փետրվարին Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը․ բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին այս տարի արժանացել է Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։
26-ամյա մոդելը, որը մրցույթի պատմության մեջ բաղձալի տիտղոսին արժանացած երրորդ մեքսիկուհին է, մասնագիտությամբ ծրագրավորող է և հաճախ է բարձրաձայնում գենդերային անհավասարության մասին։