Իսրայելը կշարունակի գործել «արմատականների» դեմ Գազայի հատվածում. Նեթանյահու
Իսրայելցի զինվորականները կշարունակեն գործողություններ ձեռնարկել «արմատականների» դեմ Գազայի հատվածում, որոնք հրթիռակոծում են հրեական պետությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի հեռուստատեսությամբ հեռարձակվող տեսաուղերձի ժամանակ:
Նրա ելույթը հաջորդել է պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությանը, որին մասնակցել են պաշտպանության նախարար Բենի Գանցը, բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի, «Մոսադ» և «Շաբակ» հետախուզական ծառայությունների ղեկավարները:
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ կարգուկանոնի և անդորրի վերականգնման համար, ինչը շատ ժամանակ չի պահանջի:
Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սրվել է մայիսի 10-ին Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած բախումներից հետո, որի համար պատճառ էր դարձել դատարանի որոշումն իսրայելական տարածքում գտնվող արաբ ընտանիքների տները բռնագրավելու մասին: