Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, 3 վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է, ժամանել են ՀՀ ՃՈ պետն ու մարզի ոստիկանապետը
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 06։40-ի սահմաններում Nissan Maxima մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակապց երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աբովյան», մեկը՝ Երևանի թիվ 1 համալսարանական, մեկն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ կատարող փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել Աբովյանի շտապօգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ճանապարհային ոստիկանները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջացնեն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։ Մինչ քննիչները վթարի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներվ (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ ) հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ և օգնել են՝ ավտոմեքենան քարշակով տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի