Բաքուն շարունակում է հայաֆոբ «բեսպրեդելը». Սկսվել է «դատավարություն» հայ ռազմագերիների նկատմամբ
Ադրբեջանում կայացել է նախնական «դատական լսում» լիբանանյան ծագմամբ հայ Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ, որին ադրբեջանցիները մեղադրում են արցախյան պատերազմում որպես «վարձկան» մասնակցելու մեջ:
Ադրբեջանցի «իրավապահների» վարկածով՝ Էուլջեքչյանը «ստացել է առաջարկ Լիբանանի ուրիշ քաղաքացուց 2500 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց մասնակցել ռազմական գործողություններում»:
Նա նաեւ մեղադրվում է «Ադրբեջանի բանակի եւ քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններում մասնակցելու մեջ: Նրան ներկայացվել է մեղադրանք երեք կետով. «մասնակցություն զինված հակամարտությունում՝ որպես վարձկան», «ահաբեկչություն» եւ «սահմանի ապօրինի հատում»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ մյուս պահվող անձանց՝ առաջադրելով նրանց նկատմամբ արագորեն կեղծված մեղադրանքներ:
Բազմաթիվ միջազգային կառույցներ բազմիցս կոչ են արել Բաքվին վերադարձնել ռազմագերիներին եւ կատարել ՄԻԵԴ-ի պահանջները: Նշվել է, որ հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվում:
Իր հերթին Բաքուն հայտարարում է, որ ռազմագերիներին վերադարձնելու հարցն, իբրեւ, լուծված է, իսկ մնացած գերիներին համարում են հանցագործներ՝ չնայած միջազգային իրավունքի համաձայն՝ նախքան Խաղաղության մասին պայմանագիրը ստորագրելը հակամարտող կողմերի բոլոր բերման ենթարկված անձինք համարվում են ռազմագերիներ եւ նրանք չպետք է քրեական հետապնդման ենթարկվեն:
Ցավոք, Բաքուն շարունակում է հայաֆոբ իրավական «բեսպրեդելը» հայ գերիների նկատմամբ՝ ամբողջովին արհամարհելով միջազգային հանրության կոչերն ու անգամ պահանջները: