ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել համալսարանի 102-ամյակի առթիվ:
«Սիրելի՛ համալսարանականներ,
Այսօր բոլորս նշում ենք Երևանի պետական համալսարանի 102-ամյակը։
Սա տոնական օր է ոչ միայն համալսարանականների՝ ներկա ու նախկին ուսանողների, դասախոսների և գիտնականների համար, այլև ողջ Հայաստանի, որովհետև Մայր բուհը Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից է, և պատահական չէ, որ համալսարանի տարիքը գրեթե համընկնում է նոր շրջանի Հայաստանի պետականության տարիքի հետ։
Այսօր մենք բոլորս ապրում ենք բախտորոշ և ծանր ժամանակաշրջանում, բայց համալսարանին չես զարմացնի դրանով. սկսած հիմնադրման օրվանից՝ Երևանի պետական համալսարանը վերապրել է Հայաստանի բոլոր բախտորոշ ժամանակաշրջանները՝ մշտապես դառնալով նրանց հաղթահարման առաջամարտիկը։
Այդպես եղել է միշտ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջքն ուղղել է կրթությամբ, գիտությամբ ու մշակույթով, երեսունականների մղձավանջի և Հայրենական պատերազմի հետևանքների հաղթահարումը, վաթսունականների վերածնունդը, յոթանասունականների ծաղկումը, ութսունականների ազատության ոգին, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը և հետպատերազմյան տարիների հաղթահարումը Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել՝ առանց Երևանի պետական համալսարանի մասնակցության։
Այսօր մեր երկիրը գտնվում է ծանր իրավիճակում. դեռևս չեն հաղթահարվել 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, և անամոք է զոհված ու անհետ կորած համալսարանականների կորուստը։
Երբեք համալսարանը ոչինչ չի խնայել և չի խնայի Հայաստանի անվտանգության համար։ Դրա վկայությունը հերոսացած համալսարանականներն են, որոնք անցած հարյուր տարում իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, և որոնց հիշատակի առջև մենք մշտապես խոնարհվելու ենք։ Սակայն պետք է գիտակցել նաև, որ ծանր ժամանակաշրջաններն ինքնըստինքյան չեն հաղթահարվում, այլ միշտ անհրաժեշտ են լինում ամենօրյա տքնաջան աշխատանք, կարգապահություն, անձնվիրություն։
Առաջիկայում Երևանի պետական համալսարանն իր աշխատանքով կրկին ապացուցելու է իր նվիրվածությունը պետականությանը և ազգային արժեքներին։
Սիրելի՛ համալսարանականներ,
մաղթում եմ բոլորիս տոկունություն և կամք՝ առաջիկա ծանր ու տքնաջան աշխատանքի համար, և փառք բոլոր հերոսներին»,- ասվում է ուղերձում: