Ձեզ բացակա չենք դնի. Ձորակապի դպրոցի մուտքի մոտ տեղադրվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ Սևակի, Արտյոմի ու Ռուբենի անվամբ հուշաղբյուր-խաչքար. Shamshyan.com (Լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 15-ին, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձորակապի միջնակարգ դպրոցի մուտքի առջև բացվեց արցախյան վերջին՝ 44 օրյա պատերազմում նահատակված, ձորակապցի երեք առյուծ հերոս տղաների անունով խաչքար, այս մասին հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարը նվիրված է դպրոցի սաներ, անմահ հերոսներ կամավորական Սևակ Սաղաթելյանի, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Սաղաթելյանի և Ռուբեն Գալստյանի հիշատակին: Խաչքարի բացման պատիվը շնորհվեց այս պատերազմում վիրավորում ստացած հերոս զինվորներին, որից հետո հոգևոր հովիվը օծեց խաչքարը և պատարագ մատուցեց: Միջոցառման ընթացքում կենդանի երաժշտությամբ հնչեցին հայրենասիրական երգեր, իսկ դպրոցի սաները հանդես եկան երգերով և ասմունքով:
Դպրոցի մի փոքրիկ անկյունում էլ՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի նկարների ներքո բացվել է փոքրիկ թանգարան, որը դպրոցի աշակերտների համար դարձել է սրբավայր: Այնտեղ նրանք ծանոթանում են իրենց նահատակված համագյուղացիների կենսագրությանը, իսկ խաչքարի մոտ տեղադրված հուշաղբյուրի մոտ ծաղիկներ խոնարհեցին:
Բոլորը միակարծիք էին, որ Սևակը, Արտյոմը, Ռուբենը իրենց կյանքը զոհաբերեցին՝ նաև բարձր պահելով ձորակապցու պատիվը: «Մենք բոլոր, այդ թվում՝ մեր գյուղի նահատակված հերոսներին բացակա չենք դնի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: