Արին բնակավայրում խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած 55 հայորդիների (Լուսանկարներ)
Մայիսի 15-ին Վայոց ձոր մարզի Արին բնակավայրում վարչական ղեկավար Սենիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դեմ անձնվիրաբար պայքար մղած Վայք, Ջերմուկ Զառիթափ համայնքների 55 հայորդիների: Խաչքարն օծվել է Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի ձեռամբ:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ի հիշատակ մեր հերոսների սխրագործությունների՝ իրենց սրտի խոսքն են հղել զինվորների հարազատներ, ընկերներ, ուսուցիչներ:
Խաչքարի օծումից հետո հանուն հայրենիքի անմահացած զիվորների իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արինի միջնակարգ դպրոցի սաները՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը շարունակելու նրանց գործը մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոնարհումն է հայտնել իրենց որդիներին խիզախության և հայրենասիրության անսպառ ոգով դաստիարակած հերոս մայրերին, ում անձնուրաց նվիրումի շնորհիվ է, որ այդքան ամուր է կապը հայրենիքի և նրա հուսալի պաշտպանի՝ հայ զինվորի միջև:
«Այսօր կատարելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին նվիրված այս խաչքարի օծման կարգը՝ մենք ոչ միայն արժանին ենք մատուցում նրանց սխրանքին և քաջագործություններին, այլև վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու այն գործը, որին հավատացել են մեր զինվորները, և, ամրապնդելով մեր երկիրը՝ գալիք սերունդներին փոխանցել խաղաղ, անվտանգ և հզոր Հայաստան»,- ասել է մարզպետը։
Ֆոտոշարքը ամբողջությամբ՝ այստեղ: