Հենրիխ Մխիթարյանն անձնական ռեկորդ սահմանեց Եվրոպայի թոփ-5 լիգաներում (Տեսանյութ)
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գոլի հեղինակ դառնալով «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում (տեսանյութ), սահմանել է անձնական ռեկորդ:
Դա Հայաստանի ազգային հավաքականի ավագի 12-րդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում, որտեղ նա դարձել է նաև 11 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) 32-ամյա Մխիթարյանն առաջին անգամ է 12 գոլ խփում մեկ մրցաշրջանում, հայտնում է Opta-ն:
Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):