Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին. երկու ադրբեջանցի զինվորական մահացել է
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը, «16:00-ի սահմաններում երեք անհայտ անձինք խախտել են սահմանը Յարդըմլըի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում»:
«Սահմանը խախտողները չեն ենթարկվել «կանգնել» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել են իրենց բեռն ու փորձել են թաքնվել դեպքի վայրից: Բացված կրակի հետևանքով վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին օղլուն: Նրանց հոսպիտակացրել են, սակայն չի հաջողվել փրկել նրանց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: Սահմանը հատողներից մեկը ձերբակալվել է: Մյուսների որոնումները շարունակվում են: Հայտնի է, որ ձերբակալված անձն Իրանի քաղաքացի է: Նրա ինքնությունը պարզվում է: