40 միլիոն ռուբլի. ՌԴ պաշտպանության նախարարի կտավները և փայտե աշխատանքները վաճառվել են բարեգործական աճուրդում
Բարեգործական աճուրդի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեղինակած կտավների և փայտից պատրաստված աշխատանքների համար հանգանակվել է 40 միլիոն ռուբլի: Ամբողջ հասույթը կուղղվի ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան Կոնստանտին Խաբենսկի հիմնադրամին:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնադրամի մամուլի ծառայությանը հղումով:
«Աճուրդի ընթացքում մեզ հաջողվել է հանգանակել 40 միլիոն ռուբլի, որը որպես աջակցություն կտրամադրվի Կոնստանտին Խաբենսկիի բարեգործական հիմնադրամին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից:
Նշենք՝ աճուրդն անցկացվել է մայիսի 14-ին Մոսկվայում: Շոյգուն անձամբ է հանդես եկել աճուրդն անցկացնելու նախաձեռնությամբ՝ տրամադրելով դրա համար իր կտավներն ու փայտե աշխատանքները:
Ամբողջ հասույթը կուղղվի հիմնադրամի շահառու երեխաներին և երիտասարդներին հասցեական օժանդակություն տրամադրելուն: Գումարի մի մասն էլ կուղղվի վերականգնողական կենտրոնների զարգացմանը և բժիշկների որակավորման բարձրացմանը: