Թրամփը ցանկացել է գումար ստանալ սոցցանցերում նոր բաժանորդներ ներգրավելու համար. The Wall Street Journal
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում մի քանի սոցիալական ցանցերի ղեկավարների հետ՝ դրանցում սեփական օգտահաշիվները ստեղծելու համար: Ըստ աղբյուրի, հանրապետական գործիչը ցանկացել է գումար ստանալ հարթակներում նոր բաժանորդներ ներգրավելու համար, գրում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Թրամփը սոցիալական ցանցերից որպես հոնորար վճարումներ է պահանջել՝ միաժամանակ հրաժարվելով դիտարկել այդ բիզնեսներից մասնաբաժին ստանալու հնարավորությունը:
CloutHub-ը և FreeSpace-ն այն առցանց հարթակներից են, որոնց հետ բանակցում է Թրամփի թիմը: Հանրապետականն ու նրա օգնականները, ենթադրաբար, արդեն ավելի քան 20 հանդիպում են ունեցել: Աղբյուրը նշել է, որ նախկին նախագահը նախատեսում է բացահայտել սոցիալական ցանցերի վերաբերյալ իր ծրագրերը մինչև հուլիսի 4-ը:
Մայիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Թրամփը բացել է իր սեփական կայքը՝ «Դոնալդ Թրամփի աշխատասեղանից» (From the Desk of Donald J. Trump) անունով:
Հիշեցնենք՝ աշխարհի առաջատար սոցիալական ցանցերը՝ YouTube-ը, Twitter-ը, Instagram-ը, Facebook-ը և Twitch-ը դեռ հունվարին արգելափակել էին նախկին նախագահի օգտահաշիվները: Այդ արգելափակումները տեղի էին ունեցել այն հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգություններից հետո, որոնք սանձազերծել էին գործչի կողմնակիցները: