Տասնյակ մահացած և վիրավոր երեխաներ․ Mirror-ը ֆոտոշարքով ներկայացնում է Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների սարսափազդու հետևանքները
Իսրայելա-պաղեստինյան խորացող բախումների ֆոնին համացանցում են հայտնվել Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների սարսափազդու հետևանքների՝ տասնյակ մահացած և վիրավոր երեխաների լուսանկարները, գրում է Mirror-ը։
Պարբերականը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, նշում է՝ վերջին օրերին 119 մահացած պաղեստինցիներից 31-ը երեխաներ են։
Իսրայելը Գազայի հատվածը սկսել է ռմբակոծել այն ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ, գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: