Նախկիններն են «մեղավոր», 30 տարի էս մարդկանց թասիբը, նամուսը, ուղեղները, խելքը մսխել են, թողել են անթասիբ, անխելք ղեկավարություն․ Մովսես Հակոբյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ զրուցեցինք ՀՀ պետական սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մի քանի օր է, ինչ Սյունիքում 3.5- ից ավելի կիլոմետր խորությամբ և նաև Գեղարքունիքում հատել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները և չեն հեռանում: Հայաստանի իշխանություններն էլ մեկ բանակցում են նրանց հետ, մեկ էլ հայտնում ՀԱՊԿ-ին դիմելու մասին: Հակոբյանը հարցերի մեծ մասին պատասխանում էր հեգնանքով՝ հասկացնելով, որ անիմաստ է ինչ-որ բան լրջորեն քննարկելը, քանի դեռ սրանք իշխանության գլխին են:
- Արդեն 2-3 օր է՝ ադրբեջանցիները մտել են Հայաստանի տարածք ու չեն հեռանում, ինչպիսի՞ն պետք է լիներ պետության ադեկվատ արձագանքը սրան:
- Նախկիններն են «մեղավոր», 30 տարի էս մարդկանց թասիբը, նամուսը, ուղեղները, խելքը մսխել են իրենց մեջ, թողել են անթասիբ, անխելք ղեկավարություն: Նախկիններն են ամեն ինչի մեղավորը:
-Իսկ ներկանե՞րը:
-Դե, ներկաների ուղեղները, թասիբը, նամուսը, խելքն ու ուղեղները նախկինները մսխել են իրենց մեջ, էս մարդիկ մնացել են անթասիբ, անուղեղ, անողնաշար, ինչ կարող են անել:
-Բա հիմա ի՞նչ է լինելու, էս վիճակից ինչպե՞ս դուրս գալ:
-Պիտի թասիբները հետ տանք իրենց:
-Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Մտածում եմ, որ գիտությունն այդ ուղղությամբ պիտի աշխատի, անթասիբ, անուղեղ մարդուն մարդ սարքի:
-Փաշինյանը հայտարարել է, որ դիմելու է ՀԱՊԿ-ին, ի՞նչ արձագանք եք սպասում ՀԱՊԿ-ից:
-Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ իր անելիքը պիտի անի, հետո նոր դիմի օգնության:
-Մենք հիմա բանակ ունենք, 2 օր է՝ մարդիկ ապշած են, թե ինչու չեն գերեվարում այդ 250 ադրբեջանցիներին:
-Դե, բարեփոխումներ են կատարում, շատ լուրջ և մեծ թափով, համազգեստը փոխում են, նախկին համազգեստը հարմար չի եղել որոշում կայացնելու համար, պաշտոնները բարձրացնում են: Բարեփոխումներ են կատարում էլի:
-Դրանով էական հարցեր կլուծվե՞ն:
-Դե... էն ա լուծվում, էլի, սիրուն համազգեստներով... բարեփոխումների կարևորությունը դա է, համազգեստ փոխելն է:
-Իսկ եթե լուրջ՝ ի՞նչ պիտի անենք, որ այդ 250 հոգին թողնեն հեռանան Հայաստանի տարածքից:
-Պիտի կռվենք, պիտի ոչնչացնենք, ուրիշ ի՞նչ պիտի անենք, երբ քո տարածք մտնում է հակառակորդը, պիտի ոչնչացնել:
-Իսկ ինչո՞ւ չեն անում, մեր իշխանությունները վախենո՞ւմ են:
-Ասում եմ՝ նախկինները մեղավոր են, սրանց թասիբները մսխել են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։