«Պատճառը, որ սահմանները չեն հսկվում, ՀՀ իշխանության անպիտանությունն է. նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները». Մոդեստ Կոլերով. «168 ժամ»
««168 Ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
– Պարոն Կոլերով, արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական զինվորականները խախտել են ՀՀ պետական սահմանը, դիրքային առաջխաղացում ապահովել և մնում են նույն դիրքերում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքում և Վարդենիսում: Սա աննախադեպ, կարելի է ասել՝ նոր իրավիճակ է Հայաստանի համար հետպատերազմյան փուլում: Ինչո՞ւ մենք նման իրավիճակ ունենք:
– Շատ պարզ է պատասխանը՝ սա պատահեց, որովհետև այդ պետական սահմանն ընդհանրապես անպաշտպան է: Սա է գլխավոր պատճառը: ՀՀ պետական սահմանների մնացած բոլոր հատվածներում նույնպիսի իրավիճակ է, և հակառակորդը պարզապես դեռ չի որոշել այդ սահմանները ևս առաջ տալ: Իսկ նա դա անընդհատ է փորձելու անել, անընդհատ փորձելու է օգտվել իրավիճակից, շահարկել իր հաղթանակը՝ ընդլայնելով իր հնարավորությունները:
– Դուք հայաստանյան զարգացումներին հետևում եք մոտիկից և կունենաք պատասխան հարցին՝ ինչո՞ւ սահմանները չեն պաշտպանվում, կահավորված չեն, ինչպես իշխանությունն է պնդում, չկա ռեսո՞ւրս, թե՞ քաղաքական կամք:
– Ռեսուրսներ կան, ՀՀ-ում կան Զինված ուժեր: Հիշում եք, վստահաբար, ի վերջո էական ուժեր են պատերազմից հետո դուրս բերվել Ղարաբաղից: Նրանց պարտադիր չէր բերել երկրի ներս, այդպես չէ՞, կարելի էր թողնել սահմաններին, հատկապես, երբ դրանք չեն հսկվում: Պատճառը, որ սահմանները չեն հսկվում՝ իշխանության պետական անպիտանությունն է: Ցանկացած իշխանություն՝ նույնիսկ ամենավայրենի, քարանձավային, պետք է հսկի իր սահմանները: Դա անում է ցանկացած իշխանություն, նույնիսկ շներն ու գայլերն են հսկում իրենց տարածքները: Այսքան բան:
– Ավելի վաղ նշում էիք, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ունի անվտանգության երաշխիքներ, որոնք տարածվում են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին: Ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, կարող է լինել ՀԱՊԿ արձագանքը՝ հաշվի առնելով այդ կառույցի բոլոր առանձնահատկությունները:
– Հայաստանի հարցում ՀԱՊԿ-ը չունի կոնսենսուս: Դա՝ մեկ, և դա փաստ է: Բայց այս դեպքում խոսքը միջազգայնորեն ճանաչված սահմանի մասին է, ուստի ՀԱՊԿ-ին չի հաջողվի «ձեռքերը լվանալ»: Կարծում եմ՝ Հայաստանի համար լավագույն դեպքում ճիշտ կլիներ ուժեր ներգրավել ՀԱՊԿ-ից, որպեսզի պաշտպանեն այն սահմանները, որոնք Հայաստանը չի ցանկանում կամ չի կարողանում պաշտպանել:
– ՌԴ արձագանքը տվյալ իրավիճակին, հաշվի առնելով, որ ՌԴ-ն դիտարկվում է ՀՀ անվտանգության երաշխավոր և դաշնակից, ՀԱՊԿ անդամ, եռակողմ հայտարարություն ստորագրած երկիր, բավարար համարո՞ւմ եք: ԱԳՆ-ի կողմից էական հայտարարություն դեռ չի եղել:
– Եղել է Պուտինի հետ խոսակցություն, պաշտոնական հաղորդագրություն այդ խոսակցության արդյունքում, որը բավականին նորմալ էր, և որում կոչ կար՝ պահպանել բոլոր պայմանավորվածությունները: Աշխատանք ընթանում է:
Իրականում, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը Փաշինյանը ստորագրել է, նրա գլխավոր, եթե ոչ՝ միակ լեգիտիմության գործոնն է Ռուսաստանի աչքերում: Այսինքն՝ որևէ անձնական սեր այստեղ չկա:
Ընտրությունները որևէ փոփոխություն չեն բերելու, պատրաստվեք նրան, որ այս ամենը շարունակվելու է: Այս իրավիճակից ելք չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ հայ ժողովուրդն անցյալ տարի ապրել է պատմական ծանրագույն պարտություն, որը համարյա համեմատական է Ցեղասպանությանը, բայց ինքնավերլուծություն բացարձակ չկա: Քանի դեռ դա չկա, ամեն ինչ վատ է: Մարդիկ գնում են Հայաստանից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։