Մեսսին Ամերիկայի Գավաթից հետո կարող է նոր պայմանագիր կնքել Բարսելոնայի հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հակված է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, բայց՝ Ամերիկայի Գավաթի խաղարկությունից հետո։
Sport.es-ը հայտնում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է կենտրոնանալ Ամերիկայի 2021 թվականի Գավաթի խաղարկությունում ելույթների վրա, և դրանից հետո միայն բանակցություններ սկսել «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ։
Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է սպասել աուդիտի ավարտին, որը մանրամասնորեն կնկարագրի ակումբի ֆինանսական վիճակը, ինչից հետո նա կկարողանա պայմանագիր առաջարկել Մեսսիին։ «Բարսելոնայում» վստահ չեն, որ աուդիտի արդյունքները մոտ օրերս հասանելի կլինեն, ինչը բարդացնում է հարցի արագ լուծման հնարավորությունը։
Բացի ֆինանսական հարցից, Մեսսիին հետաքրքրում է նաև մարզական կողմը՝ ով կլինի մարզիչը, ինչ նոր ֆուտբոլիստներ կգան թիմ, ովքեր կմնան։
Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում։
Ամերիկայի Գավաթը կկայանա Արգենտինայում և Կոլումբիայում 2021 թվականի հունիսի 13-ից հուլիսի 11-ը։