Daily Mail-ը ֆոտոշարքով ներկայացրել է 20-րդ դարում արտադրված, սակայն այժմ մոռացված ուշագրավ մեքենաները (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձ է կատարել լուսանկարիչ Միշել Զումբրունի և մեքենաների մասնագետ Աքսել է․ Քաթթոնի համատեղ գրքին, որում հրապարակված են 50 «մոռացված մեքենաներ»։
Գրքում ներառված են անհավատալի մեքենաներ, ինչպիսիք են 1942 թվականին արտադրված «Էլեկտրական ձու»-ն և 1925 թվականին արտադրված Բուգատտին, որը 75 տարի մնացել է Իտալական լճի հատակում, ինչպես նաև Մերլին Մոնրոյին և Քլարկ Գեյբլին պատկանած մեքենաներ։
«Գեղեցկությունը միշտ դիտողի աչքերում է», - այս առնչությամբ նկատել է մեքենաների վերականգնող դիզայներ Անդրեա Զագատոն։
Ստորև ներկայացնում ենք մեքենաների լուսանկարները․
«Էլեկտրական ձու». 1942 թվական
Ստեղծվել է Ֆրանսիացի նկարիչ, ինժեներ և դիզայներ Պոլ Արզեսի կողմից՝ 69 կիլոմետր ժամ առավելագույն արագությամբ և «բավական համար է եղել հետպատերազմյան քաղաքային երթևեկության պայմաններում»։
«Գրեյդ Վագեն»․ 1922 թվական
Նախագծել է գերմանական ավիացիայի ռահվիրա Հանս Գրեյդը, որին առաջին համաշխարհային պատերազմից հետո թույլ չեն տվել ինքնաթիռներ նախագծել և նա 1921 թվականին հիմնադրել է մեքենաներ արտադրող Grade Automobilwerke AG ընկերությունը։ Մեքենայի առավելագույն արագությունը 75 կիլոմետր ժամ է։ Գրեյդի մեքենաշինական ձեռնարկությունը 1928 թվականին մասնատվել է և այժմ գոյություն ունի դրա միայն մեկ մասնաճյուղը։
«Փիք-Փիք»․ 1918 թվական
«Փիք-Փիք» անվանումը հապավում է։ Մեքենան արտադրվել է «Փիքքարդ-Փիքս» ընկերության կողմից, որտեղից էլ առաջացել է դրա անվանումը։ Մեքենան հայտնի է եղել իր ամրությամբ և հաճախ է կիրառվել լեռներ բարձրանալիս։ Այն արտադրվել է 2000 խմբաքանակով, որից հետո 1924 թվականին արտադրությունը դադարեցվել է։
«Լամբորգինի Ռափթոր Զագատո»․ 1996 թվական
Մեքենան արտադրվել է Lamborghini ընկերության կողմից՝ ընկերության այդ ժամանակվա գլխավոր գործադիր տնօրեն Մայք Քիմբերլիի պատվերով։ Մեքենայի արտադրությունը դադարեցվել է 1998 թվականին:
«Մետեոր Սթորմլայն»․ 1952 թվական
Արտադրվել է գերմանական արտադրող Veritas ընկերության կողմից։
«Բիթեր»․ 1973-1979 թվականներ
Արտադրվել է գերմանացի մրցարշավորդ Էրիխ Բիթերի կողմից, որը դիզայնի համար դիմել է իտալական Frua դիզայներական տանը, շարժիչի համար` Chevy ընկերությանը և Baur ընկերությանը՝ մեքենայի կարկասի համար։ Մեքենայից արտադրվել է 393 հատ։
«Սփաց»
Մեքենան արտադրվել է գերմանական արտադրող «Բեգ» ընկերության համար։
«Լճի Բուգատտի»․ 1925 թվական
Մեքենան, որը կոչվում է Bugatti T22 Brescia հայտնի է նաև որպես «Լճի Բուգատտի»։ Այն հայտնվել է Իտալիայի Մաջիորե լճում 1934 թվականին այն բանից հետո, երբ Գրան Պրիի ֆրանսիացի մրցարշավորդ Ռենե Դրեյֆուսը պոկերի ընթացքում այն պարտվել է շվեյցարացի Ադալբերտ Բոդեին, որը մեքենան Շվեյցարիա անցկացնելու համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառով այն թողել է սահմանին։ Շվեյցարիայի իշխանությունները մեքենայից ազատվելու նպատակով այն նետել են լճի իտալական կողմում, և այն այնտեղ է մնացել մինչև 2009 թվականը։ Ջրից հանվելուց հետո այն վաճառվել է Փարիզյան աճուրդում 2010 թվականին՝ 312 հազար դոլարով Mullin Automotive Museum թանգարանին, որի տերը խոստացել է այն երբեք չվերականգնել։
«ՍՍ1»․ 1931-1936 թվականներ
Մեքենան արտադրվել է բրիտանական մեքենա արտադրող Swallow Sidecar Company-ի համահիմնադիր Ուիլիամ Լիոնսի կողմից, որը հետագայում դարձել է Jaguar ընկերության առաջին ղեկավարը։ 1931-1936 թվականներին արտադրվել է մեքենայի 500 օրինակ։
«Քրայսլեր Էյրֆլոու»․ 1934 թվական
Սա հայտնի մեքենաներ արտադրող Chrysler ընկերության հեղափոխական մեքենան է, որն արտադրվել է 1934 թվականին։