Թշնամանքը կառավարելու Փաշինյանի հայտարարությունը խոստովանություն էր, որ ինքը մտադիր է արտաքին թշնամիների հետ թշնամանքը կառավարել այնպես, որ դրանից շատ օգուտ ստանա, ցանկալի է կանխիկով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
««Թշնամանքը կառավարելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ինքնախոստովանության նշանակություն ուներ, որը պատշաճ ուշադրության չարժանացավ: Այդ հայտարարությամբ նա խոստովանեց, որ ցանկանում է թշնամանքի կառավարումից ևս օգուտ ստանալ, քանի օր օգուտի, որպես կանոն կանխիկ օգուտի վրա են հիմնված նրա բոլոր հաշվարկներն ու քայլերը: Ահա ուրեմն, թշնամանքը կառավարելու մասին հայտարարությունը խոստովանություն էր այն մասին, որ ինքը կամ արդեն իսկ կարողացել է, կամ մտադիր է արտաքին թշնամիների հետ թշնամանքը կառավարել այնպես, որ դրանից հնարավորինս շատ օգուտ ստանա, ցանկալի է կանխիկով:
Մյուս կողմից դա մեկ այլ խոստովանություն էր այն մասին, որ ինքը նաև ներքին թշնամանքի կառավարիչ է. Նիկոլ Փւսշինյանն իշխանության է եկել ներքին թշնամանքի արդյունավետ կառավարմամբ և մինչև օրս էլ իշխանությունը պահպանում է այդ թշնամանքի մենեջմենթի շնոհիվ: Հաշվարկի հիմքում կրկին օգուտն է կանխիկով: Արտաքին թշնամանքի հայաստանակործան կառավարումը, ըստ ամենայնի, նրան ապահովել է այնպիսի օգուտով, որ հիմա ցանկանում է շարունակել նույնը հուսալով, որ թուրք-ադրբեջանական բարեկամ-թշնամիները առատաձեռն կգտնվեն և չեն փակի կանխիկի ծորակը: Ներքին թշնամանքի կառավարման պարագան այլ է. այդ միջոցով նա պահպանում է իշխանությունը, որը կրկին հաշվվում է կանխիկով: Արտաքին ու ներքին թշնամիների փաշինյանական տարանջատման մեջ կա հետաքրքիր նրբություն, նա շատ ավելի ջերմ ու կառուցողական է վերաբերվում արտաքին թշնամիներին և դրան հակադարձ համեմատական կարգով ատում է ներքիններին: Երևի պայմանավորված կանխիկի քանակի տարբերությամբ:
Իրավիճակի մյուս ողբերգական ասպեկտն այն է, որ բոլոր ոլորտների կառավարումը ձախողած ու տապալած Նիկոլ Փաշինյանը շոշափելի հաջողություն է արձանագրել արտաքին ու ներքին թշնամանքի կառավարման պարագային: Դրա հետևանքն այն է, որ արտաքին թշնամանքի կառավարման արդյունքում կորցրել ենք Արցախի մեծ մասն ու հինգ հազար հայորդիների, իսկ ներքին թշնամանքի կառավարման հետևանքով կանգնած ենք պետությունն ու պետականությունը կորցնելու առարկայական սպառնալիքի առաջ: Բայց դրանից Նիկոլ Փաշինյանի թշնամանքի կառավարման հմայքը չի խամրում, քանի որ նա որևէ տեղ չի ասել ու որևէ տեղ չի պարտավորվել, որ թշնամանքը ցանկանում է կառավարել ոչ սեփական, այլ պետության շահի համար: Չի ասել ու այդպես էլ վարվում է կառավարում է ամբողջ ուժով ու արժանապատվության ամբողջական կորստով զոհասեղանին դնելով պետությունն ու քաղաքացիների կյանքը, փոխարենը ստանալով «արդյունավետ կառավարման» իր անձնական դիվիդենտները:
Կանխիկով ըստ ամենայնի, և շատ՝ ըստ ագահության մասին հավաստի վկայությունների»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։