Կտավներ, փայտե դեկորատիվ ծաղկաման, փայտե ձեռագործ սեղան. Շոյգուի ստեղծած արվեստի նմուշները կվաճառվեն աճուրդում (լուսանկարներ)
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ստեղծած կտավներն ու փայտե աշխատանքները այսօր՝ մայիսի 14-ին, կներկայացվեն «Ստեղծարարություն հանուն կյանքի» բարեգործական աճուրդում, որը կանցկացվի Մոսկվայում` Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շտաբ-բնակարանում: Այս մասին գրում է EADaily լրատվականը:
Ռուսաստանի աշխարհագրական ընկերության նախագահ Սերգեյ Շոյգուն ներկայացրել է իր աշխատանքները ՝ կտավներ, փայտե դեկորատիվ ծաղկաման, փայտե ձեռագործ սեղան:
«Աճուրդը կազմակերպվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կոնստանտին Խաբենսկիի բարեգործական հիմնադրամի կողմից, որը տրամադրում է նպատակային օգնություն, վճարում երեխաների բուժզննման և բուժման համար, ինչպես նաև վերականգնողական ծրագրեր է կազմակերպում: Այդ պատճառով է Սերգեյ Շոյգուն որոշել տրամադրել իր աշխատանքներն ի աջակցություն հիմնադրամի», -նշել են ՌԴ ՊՆ-ում:
Միջոցառմանը կհնչեն նաև պատմություններ Շոյգուի «Երեկվա մասին» գրքից, որոնք կընթերցեն Խաբենսկին և դերասան Սերգեյ Բուրունովը:
Աճուրդի շրջանակում հանգանակված միջոցները կօգնեն վճարել նյարդավիրաբուժական բուժումն ու դեղամիջոցների ծախսերը Խաբենսկիի հիմնադրամի հովանավորյալների`ուղեղի ուռուցք ունեցող տղաների և աղջիկների համար: