ԱՄՆ-ում տղամարդը 43 տարի բանտում է անցկացրել չգործած հանցանքի՝ եռակի սպանության համար (լուսանկարներ)
Ամերիկյան Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բնակիչ Քևին Սթրիքլենդը 43 տարի ազատազրկման մեջ է եղել չկատարած հանցանքի համար, գրում է The New York Post-ը:
Նշվում է՝ 1978-ի ապրիլին քաղաքում տեղի է ունեցել եռակի սպանություն: 18-ամյա Սթրիքլենդն այդ ժամանակ համարվել է կասկածյալներից մեկը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է եղել սևամորթ լինելու փաստով: Առաջին դատավարության ընթացքում նա արդարացվել է, բայց երկու ամիս անց, նոր դատավարության ժամանակ, երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել: Սթրիքլենդը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 50 տարի առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
Ջեքսոնի շրջանի դատախազությունն անցյալ տարվա նոյեմբերին սկսել էր վերանայել մեղադրանքները այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներից մեկը հայտնել էր, որ երկու տղամարդիկ իրենց մեղավոր են ճանաչել 1978 թվականին իրականացված մարդասպանությունների համար և շեշտել են, որ Սթրիքլենդն այդ պահին իրենց հետ չի եղել:
Մայիսի 10-ին գործը վերանայող դատախազները պահանջել են անհապաղ ազատ արձակել Սթրիքլենդին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
«Բոլոր այն մարդիկ, որոնք վերջին ամիսներին ներգրավված են եղել ապացույցների ուսումնասիրության աշխատանքներում, համաձայն են, որ Սթրիքլենդը պետք է ազատ արձակվի»,- ասել է դատախազներից մեկը և հավելել, որ եթե դատարանը բավարարի իրենց միջնորդությունը, ապա Սթրիքլենդը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ չգործած հանցանքի համար բանտում ամենաերկար պատժաչափ կրած մարդը: