Բա դո՛ւք ինչի՞ համար եք. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Սա արձանագրելով՝ ես, հուսով եմ, խուճապ չեմ տարածում, պարզապես կրկնում եմ վարչապետի պաշտոնակատարի ձևակերպումը: Իմ կարծիքով՝ սա հետևանք է մեր իշխանությունների թուլակամ, կրավորական վարքագծի, Սյունիքում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին ոչ պատշաճ արձագանքի՝ «ամեն ինչ նորմալ է, սահմանների ճշգրտում է գնում», մեղմ ասած, ոչ իրավաչափ ձևակերպման:
Հիշեցնեմ, որ իշխանության ներկայացուցիչներն այս ամբողջ ընթացքում սուր ձևով հակադրվում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, երբ նա ահազանգում էր Սյունիքում ադրբեջանական բանակի գործողություններին և մեղադրում էին նրան քաղաքականությանը խառնվելու մեջ: Ողջ չորեքշաբթի օրվա ընթացքում իշխանավորներն ու նրանց երկրպագուները պիտակներ էին կպցնում «հայտնի շրջանակներին»՝ ժողովրդի հանդեպ «մեդիատեռոր» իրականացնելու համար և համոզում էին մեզ, որ հակառակորդը ոչ մի մետր առաջ չի գնացել:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ագրեսիվ տոնով հակադարձում էր բոլոր տեսակի մտահոգություններին: Ի վերջո, Պաշտպանության նախարարությունը «հանգստացրեց» ազգաբնակչությանը՝ այո, թշնամին մտել է Հայաստանի տարածք, բայց առանց որևէ կրակոցի: Ինչ խոսք, սփոփիչ է:
Հիմա, վստահ եմ, իշխանությունն արդարանալու համար կիրառելու է իր հին և փորձված զենքը. նրանում, որ ադրբեջանական զորքը ներխուժել է մեր տարածք, մեղավոր են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հետաքրքիր է, դեռ քանի՞ տարի է գործելու այդ (ներեցեք օտար բառի համար) «ատմազկան»: Այո, նախկին նախագահներին կարելի է մեղադրել շատ բաներում, գուցե նաև հանցագործություններում, եթե լինի դատարանի վճիռը: Բայց 3 տարի դո՛ւք եք իշխանության գլխին: Ի՞նչ եք դո՛ւք արել՝ ՀՀ սահմանները պաշտպանելու, մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Ենթադրենք, «նախկինները» ձեզ խաբել են, չարամտորեն հանձնել են իշխանությունը, որ ձեզ խայտառակեն, պատերազմը «քցել են ձեր գրպանը» և այլն: Ենթադրենք, այդ ամենը ճիշտ է: Բայց այդ դեպքում դո՛ւք ինչի՞ համար եք իշխանություն, որ այդքան հեշտ կուլ գնացիք այդ ամենին: Ինչո՞վ էիք 3 տարի զբաղվում, բացի ագրեսիվ հռետորաբանությամբ օդը ցնցելուց:
…Երբ խոսքը քաղաքական հակառակորդներին «ասֆալտին փռելու» (ուղիղ և փոխաբերական իմաստով) մասին է, մեր իշխանավորներն «ասլան են կտրում», բայց երբ գործը հասնում է ադրբեջանական ոտնձգություններին, դառնում են անվնաս փիսիկներ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։