«Էդ զոհերն էլ մատի փաթաթան մի սարքեք․ երբ հայրենիքի համար են զոհվում, դա փառք ու պատիվ ա, ոչ թե լացելու բան․ էթան փող առնեն, հետո գան իրենց էրեխի համար ցույց անեն, լացեն»․ Աշոտ Աղաբաբյան. «Իրավունք»
««Իրավունքի» զրուցակիցն է Հանրապետական կուսակցության կազմում երեք անգամ ԱԺ պատգամավորի պաշտոնը վայելած, իսկ այսօր Արցախը հանձնած, հինգ հազար և ավելի զոհեր տված իշխանություններին «ազնվագույն» համարող Աշոտ Աղաբաբյանը: Նրանից փորձել ենք հետաքրքրվել՝ արդյոք նա մոռացե՞լ է, որ ինքը ևս ներկա իշխանավորների ասած՝ «նախկիններից» է, թե՞ իրեն ևս համարում է «ազնվագույն»: Նախկին պատգամավորը նախ չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով.
«Չեմ ուզում որևիցե հարցի պատասխանել, որովհետև էն, ինչ-որ ասել եմ, ասել եմ արդեն, տարածված ա, դրանից ավել բան չկա:
- Պարոն Աղաբաբյան, իշխանությունները նախկիններին մեղադրում են թալանի, կեղեքման մեջ: Դուք ևս նախկին եք, Դուք...
-Հասկացա, ես նախկին չեմ, ես միշտ առաջին եմ, ես իմ ժողովրդի հետ եմ, ոչ մեկի հետ ինձ հանկարծ չկապեք:
-Բայց Դուք ՀՀԿ-ի օրոք եք, չէ՞ եղել պատգամավոր:
-ՀՀԿ-ի հիմնադիրներից եմ ես, էս խաժամուժը ով ա, ես չեմ իմանում:
-Նո՞ր հասկացաք այդ մասին:
-Ի՞նչ ես ուզում, աղջիկ ջան:
-Ուզում եմ ասել, օրինակ «Հրազդան» մարզադաշտը ո՞ւմ օրոք սեփականացրիք:
-Ես չեմ համարվում նախկին, Իլոնա ջան, նորից եմ կրկնում: Ստադիոնն էլ սեփականաշնորհել եմ, բայց կարո՞ղ ա մեքենա է, որ քշեմ, տանեմ տուն: Էդ ստադիոնը իմ ամբողջ երեսուն տարվա կյանքը կերել է, դե թող գան, իրենք պահեն:
-Պարոն Աղաբաբյան, Դուք այն անձանցից եք, որը ժամանակին ամենաշատն էր իշխանություններին դրական լույսի ներքո ներկայացնում, բայց 2018 թվականին ամենաեռանդուն ձևով սկսեցիք քննադատել: Այդ դեպքում, երբ ՀՀԿ-ի մոտ 20-ամյա իշխանության օրոք եք ամեն ինչի հասել:
-Եթե ես մի տեղ տեսնում եմ, որ թալան ա գնում, բնականաբար, պետք է հրաժարվեմ: Ես ոչ մի բան չեմ գողացել, եթե նման քայլի գնացած լինեի, նո՞ր էին ինձ նստեց- րել:
-Իսկ երբ ՀՀԿ-ի ֆրակցիայից էիք, Ձեր ասած թալանը չէի՞ք տեսնում:
-Տեսնում էի, քննադատում էի, բա դրա համար էլ նախկիններն ինձ բանկրոտի հասցրին: Առանց քննադատության ո՞նց ինձ էսօրը կգցեին, ես իրենց ի՞նչ եմ արել, սխալ բան տեսե՞լ եմ, ասել եմ, որ չի կարելի: Ես վերջին հինգ տարին պատգամավոր չեմ էլ եղել:
-Բայց մինչ այդ, ի վերջո, ո՞ւմ շնորհիվ էիք դառնում պատգամավոր:
-Իմ շնորհիվ, ինձ որևէ մեկը ոչ օգնել ա, ոչ էլ հանկարծ ֆինանսավորել ա, որ ես կարանայի ընտրվել: Ես իմ ուժերով, հանդիպումներով ընտրվել եմ երեք անգամ պատգամավոր: Ընդհակառակը, ՀՀԿ-ին 25-30 հազար ձայն եմ բերել:
-Ու հիմա քննադատո՞ւմ եք:
-Բա ի՞նչ պետք է անեմ:
-Բայց, ոնց հասկացա, այս իշխանություններին լավ էլ դրական եք վերաբերվում:
-էս իշխանությունների կատարածը ոնց որ ծովի մեջ մի կաթիլ ջուր լինի, ազնվագույն մաքրություն ունեն: Բա պտի էս իշխանություններին ձայն տանք, հո հավաքածուներին չե՞նք տալու:
-Բայց այս իշխանությունները չէի՞ն, որի օրոք հանձնվեց Արցախը, այդքան զոհեր ունեցանք:
-Էս իշխանությունները Արցախը չեն հանձնել, այսօր էդ զոհերով էդքան մի մարդկանց խեղաթյուրեք, դարձրեք մատի փաթաթան:
-Փաստորեն՝ հինգ հազար զոհի մասին խոսելը խեղաթյուրե՞լ է նշանակում:
-Պատերազմը զոհեր ա ունենում: Երկրորդը, երբ հայրենիքի համար են զոհվում, դա փառք ու պատիվ ա, ոչ թե լացելու բան (իսկ զոհերի ծնողներին Բուռնաշը հարցրե՞լ է՝ կուզենայի՞ն նման «փառք ու պատիվ»- Հեղ.): Էթան փող առնեն, հետո գան իրենց էրեխի համար ցույց անեն, լացեն:
-Դա Ձեզ համար է գուցե այդպես ընկալվում, Դուք հասկանո՞ւմ եք՝ հինգ հազար և ավել հերոս տղաների մասին է խոսքը, այդքան վիրավոր, անհետ կորած: Թող ժամանակին կանգնեցնեին: ՌԴ նախագահը հայտարարեց, չէ՞, որ առաջարկվել էր՝ օր առաջ կանգնեցնել պատերազմը:
-Նիկոլը հերոս ա, կանգնեցներ, որ Շուշի՞ն հանձներ:
-Ի վերջո, չհանձներ:
-Մենք ի՞նչ իմանայինք, որ թուրքերն էլ պիտի գային, մտնեինք էդ պատերազմի մեջ, էդ ենիչերները:
-Հոկտեմբերի կեսերին այդ մասին վաղուց հայտնի էր:
-Աղջիկ ջան, հարցդ տվել ես, թող պատասխանեմ:
-Ավարտեք, կներեք:
-Պատերազմը մենք չենք պարտվել, էդ առաջինը: Երկրորդ, պատերազմ շատ են տեսել մեր պապերը, բայց երբեք այսքան չեն ողբացել: Որովհետև հզոր ա մեր մայրը ու Եռաբլուր գնալուց ինքը պիտի իրեն հպարտ զգա: Կորցրել ենք, հիմա ի՞նչ անենք, հայրենիքի համար ենք կորցրել:
-Բայց խոսքը այդքան մարած ճրագների մասին է:
-Հինգ հազար կլինի, տաս հազար կլինի, կապ չունի, դա հայրենիքի պաշտպանության համար է: Հինգ հազար մեզ եք ասում, բա իրենք մենակ մի տաս հազար Կասպից ծովն են լցրել: Մեկին երեք են իրենք պարտվել:
-Փաստորեն, դա՞ է Ձեր դիրքորոշումը:
-Այո, ընտրելու եմ իրենց, ոչ թե պատահական մարդու:
-Պարո՛ն Աղաբաբյան, Դուք ինքներդ պատերազմի ընթացքում, որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ եք արել: Բնական է, որ հաշվի առնելով Ձեր տարիքը, չէիք գնալու մարտի դաշտ, բայց ինչո՞վ եք նպաստել Հայոց բանակի ուժեղացմանը:
-«Անկախության բանակի» տղաների 99 տոկոսը ԵԿՄ-ի տարբեր կազմակերպությունների հետ գնացել են: Ու ինչով հնարավոր է, ապահովված են եղել:
-Շատ, լավ, շնորհակալ եմ:
-Էղավ, ինձ մյուս անգամ զանգելուց տենց գայթակղիչ հարցեր մի տուր էլի, կոնկրետ:
ՀԳ - Եթե երջանկահիշատակ Լեոնիդ Ազգալդյանը ողջ լիներ, տեսնես ի՞նչ կասեր իր երբեմնի շտաբի պետ Բուռնաշին նման մտքերի համար»,-գրում է թերթը։