«Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր կանանցով․ ընտրացուցակում ով կլինի առաջին կինը. «Հրապարակ»
«Հայրենիք»-ՀՀԿ-ի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր, կարելի է ասել՝ վճռական եւ պայքարող կանանցով։ Երեկ «Հայրենիք» կուսակցությանն անդամակցելու եւ դաշինքի ցուցակում հայտնվելու մասին հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը։
Մեր տեղեկություններով, շուտով այս ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որը երկու օր առաջ հայտարարեց, որ ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ դրանից առաջ դիմել էր դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ին անդամակցությունը դադարեցնելու պահանջով։
Մեր տեղեկություններով՝ Կարինե Պետրոսյանը, որն այս ընթացքում աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով եւ հայտարարություններով, մտադրություն ունի մտնել քաղաքականություն եւ ընտրություններին մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց մեզ ասացին՝ լիազորությունները դադարեցնելուց հետո նա այդ մասին մոտ օրերս կհայտարարի։
Ի դեպ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին կին թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի ՀՀԿ երիտթեւից 27-ամյա Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։