Ադրբեջանում բանտարկյալները հացադուլ են անում
Ադրբեջանի քրեակատարողական ծառայության թիվ վեց ՔԿ հիմնարկի ղեկավարությունը դադարեցրել է բանտարկյալների նամակների առաքումը, նման կերպ որոշելով պատժել նրանց։ Ի պատասխան այդ քայլի և ի նշան բողոքի, բանտարկյալները մայիսի 11-ից նստած են հացադուլի։ Այս մասին հայտնում է «Линия защиты» կազմակերպությունը, կոչ անելով ՔԿՀ ղեկավարությանն ու քրեակատարողական ծառայությանն ականջալուր լինել բանտարկյալներին եւ լուծել նրանց խնդիրները։
Ավելի վաղ, նույն քրեակատարողական հիմնարկի թվով տասը բանտարկյալներ ինքնասպանության փորձ են կատարել բացելով երակների, ի նշան ՔԿՀ ղեկավարության անօրինականությունների դեմ բողոքի։
Իրավապաշտպանները նշում են, որ այդ դեպքից հետո, փոխանակ բուժօգնություն ցուցաբերելու, ՔԿՀ ղեկավարությունը որոշել է պատժել անհնազանդ բանտարկյալներին։