Հարցերից խուսափելու հիանալի վայր. Բիլ Գեյթսն ամուսնալուծության ֆոնին «թաքնվել» է գոլֆ ակումբում գտնվող շքեղ առանձնատուն (լուսանկարներ)
Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կնոջ հետ ամուսնալուծության ֆոնին ընտանեկան տնից տեղափոխվել է Կալիֆոռնիայի The Vintage Club գոլֆ ակումբում գտնվող իր առանձնատուն, հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ նա արդեն երեք ամիս է՝ ապրում է 6 ննջասենյակներով առանձնատանը, որը 65-ամյա Գեյթսը 12,5 մլն դոլարով ձեռք էր բերել 1990 թվականին։
Page Six-ը նաև հաղորդում է, որ այս շաբաթ նրան տեսել են իր ավագ դստեր՝ Ջենիֆերի և նրա փեսացուի հետ։ Թերթը նշում է, որ «դա իդեալական վայր է թաքնվելու համար, որտեղ Գեյթսը կարող է խուսափել ամուսնալուծության մասին հարցերից»։
Նշենք, որ The Vintage Club-ին անդամակցելն արժե 250 հազար դոլար։ Հաճախորդները կարող են օգտվել ակումբի բոլոր ծառայություններից՝ սպա-կենտրոն, ռեստորաններ և գոլֆի դաշտեր:
Հիշեցնենք, որ Բիլ և Մելինդա Գեյթսերն իրենց ամուսնալուծության մասին հայտնել էին անցյալ շաբաթ։ Զույգը որոշել է դադարեցնել 27-ամյա ամուսնությունը «երկար խորհրդակցելուց և հարաբերությունները լավացնելու ուղղությամբ շատ աշխատանք տանելուց հետո»:
Բիլ Գեյթսը հանդիպել էր իր ապագա կնոջը 1987 թվականին: Այդ ժամանակ Մելինդան կրում էր Ֆրենչ ազգանունը և աշխատում էր Գեյթին պատկանող Microsoft ընկերությունում՝ որպես վաճառքի մենեջեր: