Իրանում ազգականները միասեռական լինելու համար գլխատել են 20-ամյա երիտասարդին (լուսանկարներ)
Իրանում 20-ամյա Ալիրեզ Ֆազելի Մոնֆարեդի երեք ազգականները, պարզելով, որ վերջինս միասեռական է, սպանել են նրան, գրում է Mirror-ը։
Իրանի Ահվազ քաղաքի բնակիչ Ֆազելի Մոնֆարեդը սպանվել է մայիսի 4-ին, երբ ընտանիքի անդամները նամակ են ստացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որում նշված է եղել, որ Մոնֆարեդն իր սեռական կողմնորոշման պատճառով ազատվել է պարտադիր երկամյա զինվորական ծառայությունից:
Ըստ հաղորդման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նամակում հիշատակվել է օրենքի այն կետը, որով «բարոյական և սեռական արատներ ունեցող անձինք» ազատվում են զինվորական ծառայության պատասխանատվությունից։
Նշվում է, որ 20-ամյա երիտասարդը մոր հետ վերջին անգամ խոսել է մայիսի 4-ին՝ երեկոյան ժամը 7-ի սահմաններում, որից հետո նրա խորթ եղբայրը և երկու ազգակիցները նրան «հեռու մի տեղ են տարել ու գլխատել»։
Իրանական 6RANG (վեց գույն) ԼԳԲՏ իրավապաշտպան խումբը հայտնել է, որ մարդասպաններն իրենց ոճրագործությունից հետո զանգահարել են նրա մորը և հայտնել՝ որտեղ է գտնվում իր որդու մարմինը: