Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկեն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Բլինկենը, Ռուսաստանի արտգործնախարարի հետ զրույցի ընթացքում կոչ է արել ազատ արձակել ամերիկացիներ Փոլ Ուիլանին և Թրևոր Ռիդին:
2020 թ. հունիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ամերիկացի Ուիլանին, որը նաև Իռլանդիայի և Կանադայի քաղաքացիություն ունի, դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ նրան մեղավոր ճանաչելով լրտեսության համար: Նա պատիժը կրում է Մորդովիայի N17 գաղութում: Ուիլանն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց որոշել է չբողոքարկել դատավճիռը, քանի որ հույս ուներ, որ իրեն կփոխանակեն:
2020 թվականի հուլիսին Ռիդը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ պետական պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Դատարանում Ռիդը իրեն մեղավոր չի ճանաչել ու ասել է, որ չի հիշում, թե ինչ է պատահել, քանի որ հարբած էր:
«Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Բայդենի վճռականությունը՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին և վճռականորեն գործել ամերիկյան շահերը պաշտպանելու գործում ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք վնասում են մեզ կամ մեր դաշնակիցներին», -նշել են Պետդեպարտամենտում:
Այնտեղ նշել են նաև, որ կողմերը քննարկել են Արկտիկայի խորհրդի օրակարգը, որի շրջանակներում նրանք կհանդիպեն հաջորդ շաբաթ, ինչպես նաև խորհրդում Ռուսաստանի նախագահության ընթացքում համագործակցության ներուժը:
Բլինկենը Լավրովի հետ զրույցում պարզաբանել է նաև ԿԺԴՀ-ի նկատմամբ ամերիկյան դիրքորոշումը:
«Պետքարտուղարը նախարարին ներկայացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ակնարկը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել հետագայում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,-ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայզի հայտարարության մեջ: