Զոհվել է փոխգնդապետ Մարատ Ղարայանը
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր կսկիծով ու ափսոսանքով հայտնում է նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության պետ, փոխգնդապետ Մարատ Բորիսի Ղարայանի մահվան մասին։ Մարատ Բորիսի Ղարայանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, քաղաք Ստեփանակերտում։ 1989թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի ռուսական թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1990թ. ընդունվել և 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի «Պատմություն և օտար լեզու» ֆակուլտետը։ 1998թ. ընդունվել և 2003թ. ավարտել է ԱրՊՀ-ի «Հումանիտար» ֆակուլտետի «Իրավաբանական» բաժինը։ 01.09.1992թ.-01.09.1993թ. աշխատել է ԼՂՀ զինվորական դատախազությունում։ 1993-1995թթ. աշխատել է ԼՂՀ ռազմական տրիբունալում, իսկ 1995թ. որպես ԼՂՀ ԱԱԾ ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 2013թ. թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է աշխատանքից։ 01.08.2018թ.-22.07.2020թ. աշխատել է ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում։ 22.07.2020 թվականից աշխատել է ԱՀ ՌԵՍԶ նախարարությունում, որպես ռազմահայրենասիրության վարչության պետ։ 01.03.1992թ.-30.05.1994թ. մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։ 2020թ. մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին՝ որպես ԱԱԾ պահեստազոր։ Մարատ Ղարայանն 2020թ. հոկտեմբերի 14-ից համարվում էր անհայտ կորած։ Ամուսնացած է, ունի երեք անչափահաս որդի։
Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։
Մարատ Բորիսի Ղարայանը մեր հիշողության մեջ կմնա որպես իսկական հայրենասեր։ Խորապես ցավակցում և վշտակցում ենք պարոն Մարատ Ղարայանի հարազատներին և մերձավորներին ու մեր զորակցությունն ենք հայտնում կորստյան անսփոփ ցավը մեղմելու համար»:
Նշենք, որ փոխգնդապետն արժանացել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի: