Եթե չխանգարեն, չխոչընդոտեն, ինձ թվում է՝ ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի գերիներին տուն․ Բորիս Ավագյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Դեռևս նախորդ շաբաթ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին վերաբերող քննարկմանը մասնակցելուց անմիջապես հետո հնչեցրած կարծիքների համար Արցախի Հանրապետության պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանն ազատվեց աշխատանքից, ապա նաև հրավիրվեց ԱԱԾ: Նա մասնավորապես հայտնել էր, որ չի ընդունում ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն դիրքորոշումը, թե գերիների վերադարձի համար պատասխանատու է ռուսական կողմը: Պարոն Ավագյանը նաև հայտնել էր, որ իր համար զարմանալի չի եղել, երբ Բաքու մեկնած ինքնաթիռը վերադարձել է դատարկ: Ըստ նրա՝ այդ այցը եղել է աշխատանքային և կապ չի ունեցել գերիների վերադարձի հետ:
Աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱՀ նախկին պաշտոնյան գնդապետի կոչում է ստացել պատերազմից հետո, բայց թե ինչ ծառայությունների համար, հայտնի չէ: Այս բոլոր հարցերի պատասխանները «Իրավունքը» փորձեց ստանալ ԱՀ նախկին պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանից, ով անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, նախ նկատեց.
- Այն գործառույթները, որոնք ես իրականացրել եմ պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո, չեմ պատրաստվում ներկայացնել մամուլին: Որովհետև դա կդիտվի որպես ինքնագովազդ: Իսկ ինքնագովազդով թող զբաղվեն քաղաքական գործիչները: Այն, ինչով ես զբաղվել եմ, տեսել են այն մարդիկ, ովքեր ինձ տվել են շնորհակալագրեր, որոնց համար ես ևս շնորհակալ եմ:
-Ասում են, որ Ձեզ պատերազմից հետո գնդապետի կոչում շնորհեցին:
-Մամուլում շրջանառվող լուրերը պետք է հիմնավորվեն, բազմաթիվ լուրեր են շրջանառվում այսօր մամուլում:
-Կոնկրետ գնդապետի կոչում ստանալու հետ կապված ենք խնդրում Ձեր մեկնաբանությունը:
-Ի՞նչ պետք է ես մեկնաբանեմ:
-Իրականում ե՞րբ և ի՞նչ ծառայության համար եք ստացել գնդապետի կոչում:
-Այդ կոչումներն իմ զինվորական գրքույկում արտահայտված են:
֊ Պատերազմից հետո՞ եք ստացել այդ կոչումը:
-Գիտեք, իմ անցած ճանապարհը միայն ՀՀ-ով և Արցախով չի սահմանափակվում: Ես ՀՀ եմ վերադարձել 2018 թվականից հետո: Ես ճանապարհ եմ անցել և՛ Հարավային Օսեթիայում, և՛ շատ ուրիշ տեղերում: Դրա համար, ինձ թվում է, այդ մեկնաբանություններն ավելորդ են: Ես և՛ պատերազմին եմ ակտիվ մասնակցություն ունեցել, և՛ դրանից հետո առհասարակ:
-Ասացիք, պատերազմին ակտիվ մասնակցություն եք ունեցել: Ինչո՞ւ պատերազմում ունեցանք այն, ինչ ունենք:
-Ես իմ տեսակետը կհայտնեմ, երբ բոլոր գերի ընկած տղաները վերադարձած լինեն տուն: Այ, այդ ժամանակ ներկայացնելու եմ ճշմարտությունը բոլոր կողմերից:
-Ունե՞ք հստակ տվյալներ, որքա՞ն գերեվարված տղաներ ունենք Ադրբեջանում:
-Ունենք, բայց այդ տվյալները ես չեմ կարող հրապարակել, որովհետև չունեմ նման լիազորություններ:
-Արդյոք ՀՀ-ն օգտագործո՞ւմ է գերիների վերադարձին ուղղված բոլոր ռեսուրսներն այսօր:
-Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև Արցախում ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարն անում են հնարավորն ու անհնարը, որպեսզի գերիները վերադառնան: Եթե չխանգարեն, չխոչընդոտեն, ինձ թվում է՝ ՌԴ-ն հնարավորինս սեղմ ժամկետներում կվերադարձնի տղաներին տուն: ՌԴ-ի ջանքերը մեր միակ հույսն է, որ տղաները հետ կվերադառնան: Ասեմ ինչու: Տեսեք, եթե մենք անդրադառնանք պատերազմին, ապա քննարկելու ենք նաև ադրբեջանական գործողությունները, բայց ունենալով նման քանակության գերեվարված տղաներ Բաքվում, ինձ թվում է, հրապարակային քննարկումներն ավելորդ են: Ես բոլորին հորդորում եմ, որ պատերազմի վերաբերյալ հրապարակային քննարկումներից զերծ մնանք, մինչև գերիների վերադարձը: Թող ամեն մեկը իր վրա վերցնի, պատկերացրեք՝ Ձեր երեխան Բաքվում նստած է, ու ինչ-որ մարդիկ հավաքվում, պատերազմ են վերլուծում:
-Դուք նշեցիք ՌԴ-ի ջանքերը, իսկ ՀՀ- ի, Արցախի իշխանություններն ի՞նչ են անում:
-ՀՀ-ի իշխանությունները ինձ չեն տեղեկացնում, թե ինչ են անում:
-Պարո՛ն Ավագյան, Ձեզ վրա որևէ ճնշում կա՞ այս պահին:
-Ինձ վրա անհնարին է ճնշում գործադրել: Չկա տենց կառույց, չկա տենց մարդ, որ կարողանա փորձի ինձ ճնշել:
֊ Բայց Ձեզ ԱԱԾ էին չէ՞ հրավիրել, ինչպես ավարտվեց այդ պատմությունը:
-Ընդամենը հրավերի մակարդակով էր, որովհետև, երբ ես ժամանեցի այնտեղ, այլևս ինձ հետ հանդիպելու անհրաժեշտությունը կորել էր:
-Այս պահին ինչ գործունեություն եք ծավալում:
-Զբաղվում եմ այն գործունեությամբ, որով զբաղվել եմ: Իմ կողմից ջանքեր եմ ներդնում գերիների վերադարձին ուղղված»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։