Ալեքսանդր Տարխանովը պատմել է «Սլավիայից» հեռանալու պատճառների մասին
Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հեռացել է Սոֆիայի «Սլավիայից», որը գլխավորում էր 2020 թվականի հոկտեմբերից: Ռուս մասնագետը պատմել է բուլղարական ակումբը լքելու պատճառների մասին:
«Արդեն վերադարձել եմ Ռուսաստան: Բուլղարական փուլն ավարտված է: Ես գլխավորեցի «Սլավիան», երբ թիմը 8 խաղում վաստակել էր մեկ միավոր: Հետո մենք հավաքեցինք ևս 20 միավոր: Սակայն ես ակումբի նախագահի մարդն էի, իսկ նրա դեմ սկսեցին դուրս գալ երկրպագուները: Նախորդ տարի թիմը գրավել էր երրորդ տեղը, բայց առաջատար խաղացողներից շատերը հեռացան, և մնացին ոչ մեկին պիտանի երիտասարդ տղաներ: Ես լավ թիմ կազմեցի նրանցից, սակայն երկրպագուներն անդադար պնդում էին, որ վերադարձնեն նախորդ մարզիչին: Այդ պատճառով որոշեցի հեռանալ, և եկավ հենց Զագորչիչը: Նրան հարցրեցի, թե ինչու է եկել, քանի որ թիմը լքել էր ծանր վիճակում: Նա պատասխանեց, որ հիմա թիմն արդեն լավն է:
Նախագահի հետ ընկերաբար բաժանվեցինք, նա ամեն բան նորմալ արեց: Սակայն մնացորդ մնաց, քանի որ մեծ աշխատանք էի արել թիմում: Խաղացողները հարցնում էին, թե ինչու եմ հեռանում: Կային մարդիկ, որոնք, հնարավոր է, չէին ցանկանում, որ թիմում ռուս լիներ: Բայց ինձ լավ ճանապարհեցին»,- Տարխանովի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի մասնագետը 2015-2016 թվականներին ևս գլխավորել էր «Սլավիան»: 1987 թվականից մարզչական կարիերան սկսած 66-ամյա Տարխանովը նախկինում գլխավորել է Օդեսայի ԲՄԱ-ն, «Թերեկը», «Պախտակորը», ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին», «Ուրալը», «Փյունիկը»։ 2020 թվականին երևանյան ակումբից հեռանալուց հետո Տարխանովը զբաղեցնում էր Կրասնոյարսկի «Ենիսեյի» գլխավոր մարզիչի պաշտոնը: