Հնդկաստանում բժիշկները բնակիչներին հորդորում են «COVID-19-ից պաշտպանվելու համար» իրենց մարմինը չպատել կովի գոմաղբով և մեզով (լուսանկարներ)
Հնդկաստանում բժիշկները նախազգուշացնում են «COVID-19-ից պաշտպանվելու համար» չօգտագործել կովի գոմաղբ՝ ընդգծելով, որ դրա արդյունավետության վերաբերյալ ոչ մի գիտական ապացույց չկա, բացի այդ, այն կարող է այլ հիվանդությունների տարածման պատճառ դառնալ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Գուջարաթ նահանգում որոշ հավատացյալներ շաբաթը մեկ անգամ գնում են կովերի ապաստարաններ, որպեսզի իրենց մարմիններին կովի գոմաղբ և մեզ քսեն՝ հուսալով, որ դա կբարձրացնի կորոնավիրուսի դեմ իրենց դիմադրողականությունը կամ կօգնի արագ ապաքինվել։
Գործակալության հաղորդմամբ՝ մինչ մասնակիցները սպասում են, որ իրենց մարմիններին քսած գոմաղբը և մեզը չորանան, այդ ընթացքում երկրպագում են կովերին և յոգայով են զբաղվում՝ «էներգիայի մակարդակը բարձրացնելու համար»։
Հինդուիզմում կովը կյանքի և երկրի սրբազան խորհրդանիշն է․ դարեր շարունակ հինդուիզմի հետևորդներն իրենց տները մաքրելու և աղոթելու ծիսակատարությունների համար օգտագործել են կովի գոմաղբ, հիշեցնում է Reuters-ը։
«Նույնիսկ բժիշկներն են այստեղ գալիս։ Նրանք հավատում են, որ այս թերապիան բարելավում է իրենց իմունիտետը, և նրանք կարող են առանց վախի խնամել հիվանդներին»,-ասել է դեղագործական ընկերության աշխատակիցը, որը հավատացած է, որ այս թերապիայի միջոցով իր մոտ հիվանդության ընթացքն ավելի հեշտ է անցել։
Նշվում է, որ բժիշկների շրջանում կա մտահոգություն, որ այս պրակտիկան կարող է նպաստել այլ վիրուսների տարածմանը։
Կորոնավիրուսի համավարակը ավերիչ հարված է հասցրել Հնդկաստանին. առայսօր գրանցվել է հիվանդության ավելի քան 22 մլն դեպք և 2 46 116 մահ: Փորձագետները նշում են, որ փաստացի թվերը կարող են 5-10 անգամ ավելի բարձր լինել։