ՔՊ-ում որոշում կա, որ իրենց նախընտրական ցուցակի ամեն 5-րդ անձը պետք է լինի «դրսից»՝ նոր դեմք. «Ժողովուրդ»
«Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «ՔՊ» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին նախընտրական ցուցակ է կազմում: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ ՔՊ-ն գրում ու գծում է այն ճանապարհը, որով սկսելու են նախընտրական քարոզարշավն իրականացնել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հայրենի իշխանությունն իր քարոզարշավը սկսելու է մայիսի 15-ից, հնարավոր է հենց Երևանի Շենգավիթ վարչական շրջանից: Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, ապա իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում որոշում կա, թե իրենց նախընտրական ցուցակի ամեն 5-րդ անձը պետք է լինի «ղրսից», այսինքն՝ նոր դեմք:
Մեր տեղեկություններով՝ որոշված է, որ առաջին 5-րդ տեղը զբաղեցնելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, հաջորդ 5-ը՝ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, հաջորդն առաջարկվել է, որ լինի Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որը, կարծես թե, մերժել է իշխանությանը: Հաջորդ 5-րդն էլ կլինի ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ հայրենի իշխանությունը փնտրում է տնտեսագետների, որոնք կկարողանան երկրի տնտեսությունը ուշքի բերել:
Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ առաջարկություն կա որպես լավ տնտեսագետի ՔՊ ցուցակ ներառել նաև Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին: Հավելենք նաև, որ սա իշխանությունների համար ցանկալի անձինք են, որոնք պետք է ներառվեն իրենց նախընտրական ցուցակներում, բայց, կարծես թե, այս հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Մենք փորձեցինք այս հարցերի իսկությունը պարզել Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, որը հայտարարեց. «Առանց մեկնաբանության»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։