ԱՄՆ-ում հավաստիացրել են, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո շարունակելու են ֆինանսական և հումանիտար օգնություն ցուցաբերել երկրին
Միացյալ Նահանգներն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումից հետո կշարունակի ֆինանսական և հումանիտար օգնություն ցուցաբերել երկրին: Այս մասին Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Աֆղանստանին միայնակ չենք թողնի։ Երբ ավարտվի զորքերի դուրսբերումը, մենք նոր էջ կբացենք մեր գործընկերության մեջ։ Աֆղանստանը կլինի ամերիկյան և արտասահմանյան աջակցություն ստացող պետությունների շարքում առաջինը»,- ասել է Հալիլզադը՝ հավելելով․ «Աֆղանական անվտանգության ուժերն ազգային ինստիտուտ է, որն արժանի է աջակցության, և մենք կշարունակենք աջակցել և ֆինանսական օգնություն ցուցաբերել նրանց։ Մենք այդ երկրում ուժեղ դեսպանատուն կունենանք»։
Ընդ որում, նա ընդգծել է՝ ԱՄՆ-ն առավելագույն ջանքեր կգործադրի Աֆղանստանում բռնությունը դադարեցնելու համար, իսկ ռազմական գործողությունների շարունակման պայմաններում, ներկայացուցչի խոսքով, իրադրությունը կարող է զգալիորեն վատթարանալ:
«Մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ, բացառությամբ պատերազմին կրկնակի մասնակցությունից, որպեսզի կանխենք նման սցենարի զարգացումը», - հավաստիացրել է Հալիլզադը: