Ադրբեջանն ինչու չի վերադարձնում ռազմագերիներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ակնհատ է` Ադրբեջանի իշխանությունները պահում են հայ ռազմագերիներին նաև մեր երկրի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության լրջագույն լծակ ունենալու համար: Ադրբեջանն ուշի-ուշով հետևում է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:
Կարճ ասած` Հայաստանից մի նյարդ է պոկվել ու գտնվում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքերում, և անընդհատ ցավեցնելու միտում կա մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից։ Տարածված կարծիք կա, որ գերիների հարցն անպայման լուծվելու է, և հարաբերությունների վերջնական կարգավորումից հետո մեր հայրենակիցները հետ կգան: Որոշ դիվանագիտական աղբյուրներ դա պայմանավորում են արտաքին քաղաքական հարցերի հետ, ոմանք էլ` Հայաստանի ներքաղաքական կայունությամբ:
Վերջերս մասնագիտական շրջանակներում սկսել է գերիշխել տեսակետ, համաձայն որի` Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին երկու պարզ պատճառով.
1) որպեսզի է՛լ ավելի լարի Հայաստանի ներքաղաքական վիճակը ու թուլացնի Հայաստանը,
2) ճիշտ է, միջազգային փորձագետները, այդ թվում նաև՝ մեր ռուս գործընկերներն էլ հաստատում են, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանն արտահերթ ընտրություններին կվերընտրվի, բայց Ադրբեջանը շարունակում է զգուշանալ։
Հայ ռազմագերիներին չվերադարձնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանում, որքան էլ հավանական համարեն ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, միևնույնն է, շարունակում են պահել ռազմագերիներին, որպեսզի եթե հանկարծ Հայաստանում իշխանափոխություն լինի, լծակներ ունենան նոր իշխանության վրա ճնշումներ գործադրելու։
Պարզ է, որ ներքաղաքական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո քաղաքական թիմերն այլևս միմյանց դեմ ագրեսիվության այս չափաբաժնով չպայքարեն, ընդունեն արդյունքներն ու գնան առաջ: Հակառակ պարագայում, եթե չեղավ կայունություն, ու շարունակվեց այս աստիճանի լարված ներքաղաքական պայքարը, ապա թե՛ գերիների, թե՛ մյուս հարցերը կմնան օդում կախված, իսկ Հայաստանն անընդհատ հյուծվող պետություն կդառնա՝ ապակայուն իրավիճակով»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։