Կավանի. Զգացված եմ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վերաբերմունքից
«Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է անգլիական ակումբի հետ իր պայմանագրի երկարաձգումը։
«Այս մրցաշրջանի ընթացքում մեծ սիրով եմ լցվել այս ակումբի նկատմամբ։ Ես ամուր կապ եմ զգում թիմակիցներիս եւ ակումբի աշխատակիցների հետ։ Ամեն օր նրանք ինձ հաղորդում են լրացուցիչ մոտիվացիա։ Գիտեմ, որ միասին կարող ենք հասնել մեծ արդյունքների։
Զգում եմ հավատ իմ ուժերի նկատմամբ գլխավոր մարզիչ Ուլե–Գունար Սուլշերի կողմից։ Շատ շնորհակալ եմ դրա համար։
Զգացված եմ երկրպագուների վերաբերմունքից, ինձ թիմում տեսնելու նրանց ցանկությունից։ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ խաղով երջանկություն եւ ուրախություն պարգեւեմ երկրպագուներին»,– Կավանիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
34–ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30–ը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կավանին մասնակցել է 23 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։