ՊՍԺ–ի խաղացողին սպառնում է երկարատեւ որակազրկում «Ռենի» ֆուտբոլիստներին «միասեռականների խմբակ» անվանելու համար
ՊՍԺ–ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին սպառնում է 10 հանդիպման որակազրկում կարմիր քարտ ստանալուց հետո «Ռենի» ֆուտբոլիստներին «միասեռականների խմբակ» անվանելու համար, հաղորդում է L'Équipe–ը։ Արտահայտությունը գնահատվում է խտրական բնույթի։
Ֆրանսիայի առաջնության 36–րդ տուրի խաղում Կիմպեմբեն հեռացվել էր կոշտ սահանկման համար եւ արդեն որակազրկվել է 3 խաղով։
«Ռեն» – ՊՍԺ հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ ՊՍԺ–ն 76 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիլից» հետ է 3 միավոր։ Երրորդ տեղում ընթացող «Մոնակոն» ունի 74 միավոր։