«Թուրքիան թաքցնում է սիրիացի ներգաղթյալների իրական թիվը»․ ընդդիմադիր պատգամավոր
Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր պատգամավոր Ֆեթհի Աչքելը հայտնել է, որ Թուրքիան թաքցնում է երկրում սիրիացի ներգաղթյալների իրական թիվը, հայտնում է Ahval թերթը։
Թուրքիան աշխարհում ամենաշատ ներգաղթյալներ ընդունող պետությունն է, որտեղ ապրում է շուրջ 5 միլիոն սիրիացի ներգաղթյալ, սակայն Թուրքիան գրանցել է նրանցից 3,7 միլիոնին, ինչը հանգեցրել է քաոսի։ Բացի այդ, ներգաղթյալներից 150 հազարը ստացել է Թուրքիայի քաղաքացիություն, սակայն, պաշտոնական տվյալներով, քաղաքացիություն ստացածների թիվը 110 հազար է։
Պատգամավորը նաև ասել է, որ պաշտոնական տվյալներով սիրիացիները թիվը վերջին 4 տարիների ընթացքում չի փոխվել հակառակ նրան, որ միայն 2020 թվականին ծնվել է 100 հազար սիրիացի երեխա։
«Երկրում գտնվող 5 միլիոն սիրիացի ներգաղթյալներից զատ, Թուրքիան հոգ է տանում նաև Սիրիայի սահմանային շրջաններում տեղակայված ևս 5 միլիոն սիրիացիների համար, ինչը նշանակում է, որ թուրք հարկատուները հոգ են տանում 10 միլիոն սիրիացիների մասին», ասել է ընդդիմադիր պատգամավորը և նշել, որ այդ ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնք կապվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ազդել են Թուրքիայի ազգային անվտանգության վրա։