Ճապոնացիների 60%-ը կողմ է Տոկիոյում Օլիմպիական խաղերի հետաձգմանը. երկրի վարչապետը հայտարարել է, որ իր համար «առաջնայինը ճապոնացիների առողջությունն է»
Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան նշել է, որ «երբեք Օլիմպիական խաղերն առաջին տեղում չի դասել», մինչդեռ նույն օրը հրապարակված հարցումների համաձայն՝ հասարակության մոտ 60 տոկոսը ցանկանում է, որ Խաղերը չեղյալ հայտարարվեն։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Կորոնավիրուսով պայմանավորված` Տոկիոյում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է՝ վարակի տարածումը կանխելու նպատակով և հարց է առաջացել Օլիմպիական խաղերի անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Առայժմ Ճապոնիան հարուստ պետությունների շրջանում պատվաստումների ամենացածր մակարդակն ունի։
Օլիմպիական խաղերի կազմակերպչական խումբը և Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան պնդել են, որ Խաղերն «ապահով և անվտանգ» են լինելու։ Սակայն բնակչության մոտ 60 տոկոսոը ցանկանում է, որ Խաղերը հետաձգվեն և այդ առնչությամբ 300 հազար մարդ խնդրագիր է ստորագրել։
Պատասխանելով խորհրդարանում հնչած այն հարցին, թե արդյոք Խաղերը տեղի կունենան նույնիսկ կորոնավիրուսային վարակի աճի դեպքում, Սուգան ասել է․« Ինձ համար գերակա նպատակը Ճապոնիայի բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանելն է։ Մենք նախ պետք է կանխենք վարակի տարածումը»։ Նա հավելել է, որ Խաղերի անցկացման վերաբերյալ վերջնական խոսքն ասում է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և, որ կառավարության գործը Խաղերն անվտանգ անցկացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելն է։
Նշենք, որ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերն անցկացվելու են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը` Տոկիոյում։