Մայթը՝ հետիոտնին. Երևանում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը
Մայթային հատվածը հետիոտնին վերադարձնելու եւ մեքենաների կայանումը մայթերին բացառելու նպատակով մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:
«Մայթերն ամբողջությամբ զբաղեցված են լինում մեքենաներով եւ մարդկանց տեղաշարժը հաճախ դառնում է դժվարին, իսկ այն մարդիկ, ովքեր տեղափոխվելու խնդիր ունեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, ինչու չէ, նաեւ սայլակով երեխաներին տեղափոխոխ մայրերը լրջագույն խնդրի առաջ են կանգնում եւ ստիպված են լինում դուրս գալ փողոցի բանուկ հատված»,- նշում է Երեւանի ավագանու անդամ Լեւոն Զաքարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագիրն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: 2021-ին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ:
«Վարչական շրջանները, Ճանապարհային ոստիկանությունը մեզ ցանկ են տրամադրում, եւ ըստ դրա տեսնում ենք, թե որտեղ ինչ ծավալի աշխատանք կարող ենք իրականացնելու: Կենտրոնում արդեն իսկ 60 հատ տեղադրել ենք, Շենգավիթում 30 հատ է նախատեսված, եւ այսպես ծրագիրը կիրականացնենք բոլոր անհրաժեշտ տեղերում»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Խնդրահարույց վայրերից մեկն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքն էր, բայց հիմա արդեն մայթն ամբողջությամբ հետիոտնինն է:
«Ես հասկանում եմ, իհարկե, վարորդներին, որովհետեւ շատ հաճախ ուղղակի տեղ չի լինում կայանելու, բայց համաձայն չեմ այն մտքին, որ տեղ չլինելը մայթերին կայանելու պատճառ կարող է լինել»,- նկատում է Լեւոն Զաքարյանը:
Ճանապարհային ոստիկանությունը մայթերին փոխադրամիջոցների կայանումն արգելելու վարչական լծակ ունի: Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, այս առումով պատասխանատվություն է նախատեսում։
«Տուգանքներ են նախատեսված 5000 դրամի չափով, եթե վարորդը կանգառ է կատարում մայթին, իսկ եթե մեքենան կայանում է մայթին՝ տուգանքը 20 հազար դրամի է հասնում»,- ասում է ՀՀ ՃՈ առաջին գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը:
2020թ. մայթին կանգառելու, ինչպես նաեւ կայանելու համար կազմվել է 702 արձանագրություն, 2021-ի մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 138:
«Կարգախմբերը շրջում են քաղաքում, եւ որտեղ վարորդին հայտնաբերում են՝ տուգանում են, իսկ եթե վարորդները չեն հայտնաբերվում՝ քարշակով մեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք»,- նշում է Աղասի Խաչատրյանը:
Տեղադրվող արգելապատնեշներն, իհարկե, տվյալ տարածքներում կլուծեն խնդիրը, Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի հսկողությունը, սակայն խնդիրը համալիր լուծելու համար նախ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է գիտակցի քաղաքին ու իր համաքաղաքացիներին իր գործողության հետեւանքով պատճառվող վնասը: