Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվի. այնտեղ կբնակվեն պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչները (Լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 8-ին, տեղի ունեցավ Նռնաձոր գյուղում կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Տեղի ունեցավ Նռնաձոր գյուղում կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի համայնքապետեր, համայնքի վարչական ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և գյուղի բնակիչներ: Միջոցառումը համեմված էր Մեղրիի մարզամշակութային կենտրոնի սաների երաժշտական համարներով:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է վերջերս հիմնադրված «Մեղրիի զարգացման հիմնադրամի» կողմից: Ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատների թաղամաս՝ նախատեսված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար:
Օրերս հաջողությամբ ավարտվել են գեոդեզիական և հողահարթեցման աշխատանքները և արդեն իսկ մեկնարկել են երկու տների կառուցման աշխատանքները։
Սյունիքի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, մեր հեռահար նպատակների շրջանակներում է ընդգրկված ամբողջ Մեղրի համայնքը: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրեցինք հայրենիքի վերջին, սահմանամերձ համայնքը՝ շենացնելու, նոր շունչ հաղորդելու ու վերաբնակեցնելու համար»: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալական խոսք հղեց հիմնադրամին իրենց աջակցությունն ու զորակցությունը ցուցաբերելու համար, ինչի արդյունքում Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանամերձ գյուղը կվերաբնակեցվի և նոր շունչ կստանա:
Նռնաձոր բնակավայրի ղեկավար Ալիկ Բոյաջյանը նույնպես շնորհակալանքի խոսք ուղղեց ծրագրի աջակիցներին՝ նմանօրինակ նախաձեռնությամբ Արցախի մեր հայրենակիցներին սատար կանգնելու և գյուղը շենացնելու համար:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ առաջին երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելի ձեռամբ օծվեցին նոր կառուցվող առանձնատների հիմնաքարերը:
Հիմնարկեքի կարգից հետո համայնքապետի նախաձեռնությամբ կազմակերպվեց մատաղի հյուրասիրություն»: