Կարեն Ասլանյանը և Արմեն Մելիքյանը նվաճեցին օլիմպիական ուղեգիր (լուսանկարներ)
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս եկան եզրափակիչ:
Արմեն Մելիքյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Սամուել Միգուերասին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով ուժեղ գտնվեց լիտվացի Յուստաս Պետրավիցիուսից, իսկ հաջորդ գոտեմարտում պարտության մատնեց ռումինացի Ռազվան Արնաուտին՝ 3:1: Կիսաեզրափակիչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով առավելության հասավ հարավկորեացի Հանջաե Չունի նկատմամբ: Մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչում նա ուժերը կչափի մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ:
Կարեն Ասլանյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով նորվեգացի Մորտեն Թորեսենի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա 10:5 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանը ներկայացնող Ամանտուր Իսմայիլովին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1: Մայիսի 9-ին անցկացվելիք եզրափակիչում Կարեն Ասլանյանը կհանդիպի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) չկարողացան նվաճել ուղեգիր: Շահինյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Գաբրիել Լուպասկոյին, իսկ 1/8 եզրափակիչում պարտվել էր շվեդ Քրիստոֆեր Բերգին (1:1): Օվասապյանը որակավորման փուլում չէր կարողացել հաղթահարել ուկրաինացի Միկոլա Կուչմիի արգելքը՝ 0:2:
77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիր նվաճեց Բուլղարիայի ներկայացուցիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի սան Հայկ Մնացականյանը, որը տարավ 4 հաղթանակ ու դուրս եկավ եզրափակիչ:
Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում հանդես էին եկել Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չէին հասել:
Այսպիսով, Հայաստանը 6 ըմբիշ կունենա Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում: Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական ուղեգիր էին նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):