Զիդանը՝ Ազարի պահվածքի մասին․ Նա ներողություն է խնդրել, դա արդեն անցյալում է
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է ՉԼ-ից դուրս մնալուց հետո թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի պահվածքի մասին հարցին։
«Ազարն արդեն ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Նա ոչ ոքի չի ցանկացել վիրավորել, նա այդպես ասաց։ Նա «Ռեալի» ֆուտբոլիստ է ու հանդես է գալու «Ռեալի» կազմում։
Մենք խոսակցություն ենք ունեցել։ Նա ինձ, թիմակիցների ու ակումբի ներկայացուցիչների հետ քննարկել է տեղի ունեցածը։ Հիմա դա անցյալում է»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղում մադրիդցիները 0-2 հաշվով պարտություն են կրել ու չեն կարողացել դուրս գալ եզրափակիչ, իսկ խաղից հետո բելգիացին ծիծաղել ու կատակել է իր նախկին թիմակիցների հետ։ Դրվագը ֆիքսել են տեսախցիկները ու բազմաթիվ բացասական արձագանքների տեղիք տվել։